Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ «Գյանջային հարվածելու» հրաման տալու լիազորություն չուներ. Բաքվում տրվել են նաև Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի անունները


Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ «Գյանջային հարվածելու» հրաման տալու լիազորություն չուներ. Բաքվում տրվել են նաև Արարատ Միրզոյանի և Սուրեն Պապիկյանի անունները
Հունիս 24 14:04 2025

Հունիսի 23-ին Բաքվի դատարանում հարցաքննվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա «ցուցմունք» է տվել Արցախում (Քաշաթաղի, Քարվաճառ շրջաններ) վերաբնակեցման ծրագրի մասին, ինչպես նաև՝ «Base Metals», «Vallex Group», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների, «Արցախբանկի», «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության վերաբերյալ:

Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է, որ «Արցախբանկը», որը ներկայանում էր՝ որպես Արցախի գլխավոր բանկ, գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Բանկի գրանցման վայր է նշվել Հայաստանի մայրաքաղաքը, սակայն, ըստ Արցախի նախկին նախագահի, գլխավոր մասնաճյուղը գործում էր Ստեփանակերտ քաղաքում, բանկը մասնաճյուղեր է ունեցել նաև Արցախի այլ բնակավայրերում։

«Այս բանկը որևէ առավելություն և արտոնություն չուներ Հայաստանի մյուս բանկերի համեմատ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Այնուհետև հերթական անգամ շոշափվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին «Գյանջայի դեպքերի» թեման, նախ՝ հիշեցվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որ իր հրահանգով է «հարվածներ հասցվել Գյանջա քաղաքին»:

Սակայն, ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, պետական մեղադրողի հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նշել. «Ես նման լիազորություններ չունեի»: Այնուհետև նա, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, շեշտել է, որ Արցախի ՊԲ-ն ՀՀ զինված ուժերի ստորաբաժանում էր իրենից ներկայացնում:

«Չի եղել ինքնուրույն գործելու լիազորություն, այդ միավորումն (ՊԲ-ն.- Մ.Պ.) իրավունք չուներ մեզ ենթարկվելու, կատարել մեր հրահանգները»,- շեշտել է Հարությունյանը:

Իսկ ինչպես նշեցինք, Բաքվի դատարանում առաջին անգամ չէ, որ անդրադարձ է կատարվում «Գյանջայի դեպքերին»՝ Արայիկ Հարությունյանից «ցուցմունքներ» կորզելու միջոցով, ընդ որում՝ առավել մանրամասն, քան այս անգամ:

Այսինքն, Բաքուն «Գյանջայի դեպքերի» պատասխանատվությունը դնում է ՀՀ զինված ուժերի վրա, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին այն Արցախի ՊԲ-ի վրա էր դնում: Թե ով որքանով է ճիշտ, դա այլ հարց է, բայց փաստ է՝ առանց Նիկոլ Փաշինյանի իմացության՝ չէր կարող նման բան լինել կամ չլինել:

Այս համատեքստում Բաքվում Արայիկ Հարությունյանը պնդել է, որ ՊԲ-ի զինանոցում «Սմերչ» և «Տոչկա-Ու» չի եղել:

«Ես տեղեկություն չեմ ունեցել, թե ինչ ստորաբաժանումների և կոնկրետ ում կողմից են դրանք կիրառվել: Իսկ նավթախողովակաշարերին հարվածելու մասին այստեղ եմ լսել»,- հայտարարել է Արցախի նախկին ղեկավարը: