Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Kia»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնողին


Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Kia»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնողին
Հունիս 24 12:02 2025

Այսօր՝ հունիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Արցախի պողոտայում՝ «Անի» հանրախանութի դիմաց, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուսի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ շտապօգնության ժամանումը՝ դեպքի վայրի հարևանությամբ գործող յուղման կետի և հանրախանութի աշխատակիցների հետ օգնություն է ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին հետիոտնը գիտակցության չգալով մահացել է:

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանույթան պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են պարեկները և գնդի հրամանատար Ա. Իսախանյանի հանձնարարականով՝ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանը վարորդի անվտանգությունից ելնելով նրան տեղափոխել է անվտանգ վայր:

 

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի և ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: