Հունիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հարությունյանի գլխավորությամբ։
Արդեն տեղում ստացված տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, ավտոմեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Թ․ Թ․-ի, 15-ամյա Լ․ Մ․-ի և 15-ամյա Ք․ Խ․-ի միջև, այնուհետև վիճաբանությանը միջամտել են Ք․ Խ․-ի եղբայր, Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Խ․-ն, նրանց հայրը՝ Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Ռազմիկ Խ․-ն և Թ․Թ․-ի հայրը՝ Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Խաչիկ Թ․-ն, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ Կարեն Խ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Խաչիկ Թ․-ի ձախ ուսի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցներին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։