Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել Ումրշատյանն ու Գարեգին Մադաթյանը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում վարորդն ասում էր, որ իր ընկերուհին Հայաստանից մեկնում էր Ուկրաինա և ինքը գնում էր «Զվարթնոց» օդանավակայան, որպեսզի կանխի նրա մեկնումը, սակայն տեղի ունեցած վթարի պատճառով չհասավ ընկերուհուն:
Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։