«Եթե ես լինեի Ազգային ժողովի պատգամավոր, առանց մի վայրկյան մտածելու՝ կստորագրեի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով,- «Երբ Ազգային ուժերը հակասությունների մեջ են մտնում, դրանից ուժեղանում են միայն Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Կրկնում եմ՝ եթե լինեի պատգամավոր, առանց վարանելու կստորագրեի Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու թղթի տակ»։
ՀՀԿ-ական գործչի խոսքով՝ այն կուսակցությունը, որը ներկայացնում է ինքը, մշտապես պայքարել է Փաշինյանին հեռացնելու համար և պայքարել է առանց նախապայմանների։
«Իմպիչմենտի վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության իմ գործընկերների պատճառաբանություններն ինձ համար համոզիչ չեն. անհասկանալի է պայմաններ դնելը։ Չեմ հասկանում նաև, թե իմպիչմենտի գործընթացով ինչպե՞ս են թիրախավորում իրենց, չէ՞ որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ խորհրդարանում անելու են ամեն բան Փաշինյանին հեռացնելու համար։ Իմպիչմենտի գործընթացն այդ գործիքներից մեկն է։ Թուղթ է, ստորագրե՛ք, ի՞նչ երաշխիք եք ուզում։ Նույն «Հայաստան» խմբակցության իմ հարգելի գործընկերներին հարց ունեմ՝ օրինակ, երբ խորհրդարան էիք տանում իմ կողմից շատ ընդունելի համարված Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ օրենքի նախագիծ, երաշխիք ունեի՞ք, որ անցնելու է ՔՊ-ականների «կողմ քվեարկությամբ»։ Իհարկե, չունեիք, այդ դեպքում հարց՝ իսկ ինչո՞ւ էիք նման նախագիծ տանում։ Կամ մեկ այլ օրինակ՝ 2021 թվականին արտահերթ ընտրությունների գնալիս՝ կրելու երաշխիք ունեի՞ք, կամ հիմա ի՞նչ երաշխիք ունեք 2026 թվականի ընտրությունների հարցում»,- նկատել է Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ շռայլություն կլինի մինչև 2026 թվականը Փաշինյանին չհեռացնելու որևէ փորձ չանելը, ավելին՝ սխալ կլինի, եթե ընդդիմությունը հիմնվի Գյումրու ընտրությունների արդյունքների վրա, պնդի, թե իշխանությունն ընտրություններով փոխել հնարավոր է, որովհետև ՏԻՄ ընտրությունները տարբերվում են համապետական ընտրություններից, հետևապես՝ առանց սպասելու պետք է օգտագործել բոլոր գործիքները՝ Փաշինյանի ռեժիմը հեռացնելու համար։
«Փաշինյանին կոմֆորտ վիճակում պետք չէ ուղեկցել 2026 թվականի ընտրություններին՝ նրա հեռացման համար ոչինչ չանելով։ Ավելին, եթե ոչինչ չանեք, հավերժ է մնալու, եթե գործընթաց սկսում ենք, շանս կա հաջողելու։ Ավելին, եթե գործընթաց չենք սկսում, նաև շատ վատ մեսիջ ենք հղելու հասարակությանը»,- ասել է Շարմազանովը։
Նա շեշտել է՝ ՀՀԿ-ն շարունակելու է որպես ազգային քաղաքական միավոր՝ պայքարել ՀՀ-ն օկուպացրած իշխանության դեմ՝ իրեն հասու բոլոր միջոցներով։
«Ի հեճուկս ՀՀԿ-ի վրա «բայրաքթար» նետողների՝ ՀՀԿ-ն կա և մնալու է»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։