«Վերջին երկու տարվա ընթացքում ես զբաղված եմ եղել կուսակցաշինությամբ. այդ աշխատանքի արդյունքում է, որ իմ ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունն այսօր գրասենյակներ ունի Հայաստանի տարբեր մարզերում։ Մենք որտեղ գնում, բնակչության հետ աշխատում ենք, լսում նրանց խնդիրներն ու պահանջները, հետևապես, իմ այդ զբաղվածությունն էր պատճառը, որ վերջին երկու տարվա ընթացքում մեդիայի հետ իմ աշխատանքում որոշակի պասիվացում էր նկատվում»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ կուսակցաշինությունը կարևոր և հրատապ է, հատկապես, երբ կա գիտակցում, որ Հայաստանում չկա դասական քաղաքական պայքար, և իշխանության մաս չկազմող իրական ըննդդիմադիր ուժերն ազգային-ազատագրական պայքար են մղում։
«Հայկական շահն առաջ մղող ուժերը պետք է հասկանան մի բան՝ իրականում մենք ազգային-ազատագրական պայքարի մեջ ենք։ Պետք է քայլեր ձեռնակել մեր հայրենիքը ներքին թշնամուց ազատելու համար»,- ասել է Արթուր Վանեցյանը։
Հարցին՝ ի՞նչ քայլերի մասին է խոսքը, Վանեցյանը պատասխանել է՝ քայլեր, որոնք տեղավորվում են սահմանադրական ճանապարհների մեջ։
«Փաշինյանը հասկանում է՝ իշխանությունը կորցնելուց հետո այս երկրում հանգիստ ապրելու շանս չունի, հետևապես, մարդկանց պետք է հասցնել այն ընկալման, որ այս իշխանությունից պետք է ազատվել։ Չբացառելով փողոցային պայքարը՝ պետք է պատրաստվել ընտրությունների, որոնք, ուզենք թե չուզենք, մի օր լինելու են։ Կրկնում եմ՝ «Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է 2026-ի ընտրություններին, բայց, եթե լինեն այլ պրոցեսներ, դրանց ևս մասնակցելու ենք»,- ասել է Արթուր Վանեցյանը։
Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու նախաձեռնության վերաբերյալ Արթուր Վանեցյանը նշել է՝ ոչ մի իրական ընդդիմադիր քաղաքական ուժ չի կարող դեմ արտահայտվել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։
«Իմպիչմենտի գործընթացը ցանկացած պատգամավոր էլ կարող է նախաձեռնել, վերցնել ձևաթուղթը, գրել իր ցանկալի վարչապետի թեկնածուի անունն և տանել պատգամավորներին ասել՝ ստորագրեք։ Օրինակ, ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, լինելով խորհրդարանի երկրորդ ամենամեծ ուժը, պետք է առաջադրեր վարչապետի թեկնածու։ Վստահ եմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն անպայման անելու են քայլեր Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Չեն կարող ԱԺ ընդդիմադիր պատգամավորները դեմ լինել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Եթե գեներացվի գործընթաց, և լինեն դրա տակ չստորագրող ընդդիմադիր պատգամավորներ, այն ժամանակ պատասխանը կտանք»,- ասել է Արթուր Վանեցյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում