Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։
Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ Արթուր Չախոյանի վատ ինքնազգացողությամբ պայմանավորված հրավիրվել է շտապօգնություն, վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։
«Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։
Միաժամանակ, Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն հրահրող խոսքից և վարքագծից։
Նշենք, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, և Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր», - նշված է ՄԻՊ հաղորդագրությունում։