Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է, որը պետական համակարգ է տեղափոխել քրեական բարքեր. Թաթոյանը՝ Չախոյանին ծեծի ենթարկելու մասին


Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է, որը պետական համակարգ է տեղափոխել քրեական բարքեր. Թաթոյանը՝ Չախոյանին ծեծի ենթարկելու մասին
Ապրիլ 30 15:11 2025

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.

 

«Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ու մյուս պաշտոնյաների վարքը, խմբով մարդուն լկտիաբար ծեծելն ուղղակի խուժանություն է, անարգանք պետության ու պետականության նկատմամբ:

 

Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է, որը պետական համակարգ է տեղափոխել քրեական բարքեր:

 

ՔՊ վերնախավը պաշտոնների է նշանակում մարդկանց, ովքեր իրենց քննադատողների հետ մտնում են «քրեական ռազբորկաների» մեջ և խեղում պետականության արժեքը: Դեռ մի հատ էլ խմբով արդարացնում են տեղի ունեցածը`ինչ-որ քաղաքական հարցերի հղում անելով` այդ կերպ ապացուցելով, որ նեղ քաղաքական ու անձնական շահերը բարձր են պետությունից: Սա դարձել է մեր պետականության գլխավոր սպառնալիքներից:

 

Պաշտոնյաները պարտավոր են հանդուրժել խիստ, ցնցող քննադատությունը ու նման արձագանքի որևէ իրավունք չունեն: Առավել լկտիություն է նման արձագանքը լրագրողական տեսախցիկների առաջ և ուղիղ եթերում` գիտակցելով, որ իրենց դիտում է հանրությունը:

 

Արթուր Չախոյանի նկատմամբ նման վարքագիծ ցուցաբերած պաշտոնյաներին քրեական հետապնդման և հետագայում նրանց քրեական պատասխանատվության չենթարկելը կնշանակի տեղի ունեցածի արդարացում, իշխանական շարունակական հովանավորություն»: