«Սոված ենք, գնում ենք հաց ուտելու». Նոր Նորքի ղեկավարը ոստիկանություն գնալու փոխարեն գնաց ընդմիջման


«Սոված ենք, գնում ենք հաց ուտելու». Նոր Նորքի ղեկավարը ոստիկանություն գնալու փոխարեն գնաց ընդմիջման
Ապրիլ 30 13:35 2025

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանում հանրային քննարկումից հետո դուրս եկավ թաղապետարանի շենքից՝ չցանկանալով մեկնաբանել միջադեպը։

«Ժողովո՛ւրդ ջան, ոչ մի բան չենք մեկնաբանում, վերջ, յա», - լրագրողներին ասաց թաղապետը։

Հարցին, թե ինչո՞ւ նրան բերման չենթարկեցին ծեծկռտուքի համար, գուցե քննարկումն ավարտելուց հետո՞ է գնալու ոստիկանություն՝ թաղապետի փոխարեն նրա կուսակից, Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը պատասխանեց․ «Ընդմիջման ենք գնում։ Սոված ենք, գնում ենք հաց ուտելու»։

Հարցին թաղապետին ոստիկանություն չեն հրավիրե՞լ՝ կրկին Անի Խաչատրյանն արձագանքեց. «Ո՛չ»։

Իսկ թե միջադեպը կուսակցությունում քննարկման թեմա կդառնա՞, ավագանու անդամը նշեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը նման քննարկում չունի։

«Մենք միշտ դուխով ենք, հանգիստ եղեք»,-ասաց Խաչատրյանը։

Նշենք, որ թաղապետը և իր աշխատակիցներն այսօր դաժան ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, որից հետո ոստիկանները բերման են ենթարկել ոչ թե թաղապետին ու թաղապետարանի աշխատակիցներին, այլ՝ Չախոյանին։