Ադրբեջանում, և, առհասարակ, արտերկրում, պետք է իմանան՝ ՀՀ-ում հասարակության հսկայական հատված չի համակերպվում իշխանության հպատակված քաղաքականության հետ


Ադրբեջանում, և, առհասարակ, արտերկրում, պետք է իմանան՝ ՀՀ-ում հասարակության հսկայական հատված չի համակերպվում իշխանության հպատակված քաղաքականության հետ
Ապրիլ 30 09:59 2025

Ադրբեջանում, մեկ օր դադարից հետո, նեղսրտած անդրադարձել են Մոսկվայում ՌԴ իշխող ուժի կազմակերպած միջոցառման ժամանակ հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների միջև տեղի ունեցած «փոխհրաձգությանը», հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հիշեցնեմ, որ իր ելույթում ադրբեջանցի պատվիրակն իր ժողովրդի հաղթանակների մեջ հիշատակեց 44-օրյա պատերազմը` նշելով, որ հնարավոր եղավ վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ինչից հետո Իվետա Տոնոյանը խոսեց Արցախի շրջափակման, Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման և արցախցիների բռնի տեղահանման մասին, իսկ Էդուարդ Շարմազանովը ֆունդամենտալ ելույթով խոսեց արցախցիների ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, էթնիկ զտումների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին:

Այն, որ ադրբեջանական պատվիրակությունը ֆիասկոյի ենթարկվեց, նույնիսկ նկատելի է ադրբեջանական հրապարակման համատեքստից, դեռ չեմ խոսում այն մասին, որ եթե նրանք առավելություն ունենային, ապա բոլոր լրատվամիջոցներով դրոշակ կդարձնեին», - նշել է պատգամավորը:

Աբրահամյանն ընդգծել է՝ Ադրբեջանցիները նյութում «հիշեցրել» են, որ Շարմազանովը ՀՀ-ում «ռևանշիստական ուժ» է ներկայացնում, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, նկատի ունենալով, որ ՀՀԿ-ն չի համակերպվել Արցախի ներկայիս կարգավիճակին և Արցախի էջը փակված չի համարում:

«Իսկ ո՞վ է համակերպվում հայրենիքի կորստի հետ` դավաճաններն ու հողն ուրացողները, ովքեր երկիրը սակարկման առարկա են դարձնում:

Հայաստանի իշխանությունների զիջողականության չավարտվող շղթան անընդհատ մեծացնում է մեր երկրի խոցելիությունը, նոր ճակատ բացելով Հայաստանի դեմ:

Այո´, և´ Ադրբեջանում, և´, առհասարակ, արտերկրում, պետք է իմանան, որ Հայաստանում մեծ թվով ուժեր, խմբեր, հասարակության հսկայական հատված չի համակերպվում ստեղծված իրողությունների և ՀՀ իշխանության կռացած, ճողված և հպատակված քաղաքականության հետ»: