Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանն ասել է՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանն ինձ կուտի. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)


Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանն ասել է՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանն ինձ կուտի. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Ապրիլ 28 23:33 2025

Երկու շաբաթ եղել եմ Ղարաբաղում, և ասեմ, իմ գնալուց հետո, ուղղակի երկրորդ-երրորդ օրը ես դիմում էի և՛ Բակո Սահակյանի, և՛ Արկադի Ղուկասյանին՝ հանդիպենք Արայիկ Հարությունյանի հետ։ Այն ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի:  «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով պարտության պատճառների մասին։

«Ահաբեկվում էր գեներալիտետը, և հանրային ընկալման մեջ այն ժամանակ գեներալները սկսեցին ընկալվել որպես բանակը թալանող, բանակով չզբաղվող մի շերտ, և ես նույնիսկ այն ժամանակ մի բան հասկացա, որ մարտական անցյալ ունեցող գեներալները հանրային վայրերում սկսել են ավելի շատ հայտնվել քաղաքացիական հագուստով։ Առաջ, եթե զինվորական հագուստը հպարտության առարկա էր, մի պահ փորձում են թաքցնել, ու սենց երևացող տեղերում չերևալ այդ հագուստով։ Սա բանակը քայքայելու, բանակը քանդելու գործիք էր։ Արվում էր գիտակցաբար, թե ոչ գիտակցաբար, ես չգիտեմ, չեմ էլ ուզում գնահատական տալ տվյալ դեպքում, բայց սա փաստ էր։ Եթե ձեզանից որևէ մեկը փորձի ուսումնասիրել 2018, 2019, 2020 թ․-ների մամուլը, դուք կտեսնեք, որ սա տեղեկատվական դաշտի գերակա, հիմնական թեմաներից մեկն էր, և սա չէր կարող լուրջ ազդեցություն չթողնել բանակի վրա, որովհետև հրամանատարական կազմը տեղեկատվական դաշտում ամեն օր ահաբեկվում էր։  Այն ժամանակ ընդհանրապես երկրում իրավիճակը բավական փոխվել էր, կառավարման մոդելներ փոխվել, և պոպուլիզմը, իսկապես, դարձել էր լուրջ գործոն, գրեթե ամեն ինչում, և միգուցե․․․ Մեկ քայլ վերադառնամ․ ես նշեցի, որ բանակում լուրջ փոփոխություններ էին պետք՝ կապված այն դասերից, որոնք մենք պետք է քաղեինք քառօրյա պատերազմից։ 2018 թ․-ից, դա անտեսվել էր, ոչ ոք չէր հետաքրքրում, ուղղակի, մի կողմ էր դրվել, և բանակի հիմնական բարեփոխումները դարձել էին ավելի շատ ելակային բարեփոխումներ, որտեղ հիմնական տեղը, որտեղ այցելում էին պաշտոնյաները, դա ճաշարանն է։ Սա շատ էր դուր գալիս ծնողներին, ում զավակները բանակում էին, բայց մարդիկ չէին գնում պոլիգոններ, ընդհանրապես չէին հետաքրքրվում մարտական պատրաստվածությամբ։ Հիմնական թեման եղել է, թե զինվորին ո՞նց են կերակրում, կենցաղն ինչպիսի՞ն է, ինչը լավ է, բայց բանակը դրա համար չի։ Ամբողջ այդ ծախսերը պետք է ուղղեին մարտական պատրաստվածության վրա, այլ ոչ թե այլ նպատակների։ Ի՞նչ է բանակը։ Այն ունի 2 տարվա ցիկլ։ 5 – 6 ամիս պետք է  զինվորին պատրաստելու համար, 2 տարի հետո նա զորացրվում է։ 2 տարի մարտական պատրաստվածության հարցով չզբաղվես, դու այլևս բանակ չես ունենալու։ Ուղղակի բանակ չես ունենալու, կամ բանակի մարտունակությունը շեշտակի անկում է ապրելու։ Մոտավորապես, այսպես է վիճակը, որովհետև KPI եթե դրվում է ճաշարանը, այլ ոչ թե պոլիգոնը, սպայական կազմը, որն այն ժամանակ փոխվեց, սկսում է զբաղվել ճաշարանով, այլ ոչ թե պոլիգոնով։ Եվ ունեցանք այն, ինչ ունեցանք»,- ասել է Քոչարյանը:

Երկրորդ նախագահը հիշեցրել է, որ պատերազմը սկսելուց հետո ինքը 3-րդ օրը Ղարաբաղում էր. «Երկու շաբաթ եղել եմ Ղարաբաղում, և ասեմ, իմ գնալուց հետո, ուղղակի երկրորդ-երրորդ օրը ես դիմում էի և՛ Բակո Սահակյանի, և՛ Արկադի Ղուկասյանին՝ հանդիպենք Արայիկ Հարությունյանի հետ։ Իմ հիմնական մեսիջը հետևյալն էր՝ անել ամեն ինչ՝ պատերազմը կանգնեցնելու համար, պատերազմի ամեն օրը բերելու ավելի մեծ պրոբլեմների, որովհետև պատրաստ չենք։ Այս ձևով, փոփոխված այս իրավիճակում հաղթանակ չեք ունենալու։ Այն ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի» Բառացիորեն սա ինձ փոխանցել է Բակո Սահակյանը։ Ղարաբաղում ունեցանք այն, ինչ ունեցանք»,- ասել է նա։