Ինչպես և սպասվում էր՝ սահմանազատման գործընթացը սկսվեց և ավարտվեց այնտեղ, որտեղ տարածքներ պետք է զիջեր Հայաստանը։ Մեկ տարի է՝ գործընթացն այլևս չի շարունակվում, որը պետք է ապահովեր Հայաստանի սուվերեն տարածքների վերադարձ ադրբեջանական ներխուժումից, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Ակնհայտ է, որ սահմանազատման գործընթացն Ադրբեջանի համար ընդամենը Տավուշից տարածքները «գրավելու» նպատակ ուներ, սահմանի մնացած հատվածում Ադրբեջանը բարելավել է իր դիրքերը ռազմական ներխուժման միջոցով, և գործընթացի հետագա շարունակությունը ձեռնտու է լինելու միայն Հայաստանին։
Սահմանազատման գործընթացի սառեցման հիմնական խնդիրն առանց միջնորդների գործընթաց նախաձեռնելն էր, որի մասին բազմիցս նշել ենք։ Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվեր ԵԱՀԿ հովանու ներքո՝ ԵԱՀԿ կողմից հրապարակված «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում. մարտահրավերներ և լուծումներ» ուղեցույցում առկա սկզբունքների և մոտեցումների հիման վրա։
Ադրբեջանի հետ խնդիրների կարգավորումն առանց միջնորդների հայտնվում է փակուղում, ինչն իր մեջ պարունակում է նոր ռիսկեր խաղաղության հասնելու ճանապարհին»,-գրել է Առաքելյանը։