Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի


Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի
Ապրիլ 25 18:17 2025

Այսօր՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 2 անչափահասներ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, մեկ չափահաս՝ «Էրեբունի», 1 չափահաս էլ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի հերթապահ օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արմեն Հովհաննիսյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներն ընտանիքի անդամներ են՝ տատը, մայրը և մոր՝ տղա և աղջիկ երեխաները:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։