Ադրբեջանական գործողությունները սահմանամերձ ուղղություններում` հատկապես Խնածախի ու Խոզնավարի ուղղությամբ, գնալով առավել թիրախային են դառնում, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ մարդկանց հետ զրույցներն ու ՊՆ-ի` որոշակի պարբերականությամբ ներկայացվող հաղորդագրությունները ցույց են տալիս, որ, ի տարբերություն խախտումների առաջին փուլին, ադրբեջանական կրակահերթերն ունեն նպատակաուղղված բնույթ և կոնկրետ թիրախավորում:
«Ես չեմ պնդում, որ ճանապարհը նյարդ ցույց տալն է կամ հախուռն գործողությունների դիմելը, սակայն այս իրադրային փոփոխությունն անընդհատ, թեև դանդաղ, սակայն վտանգավորության աճ է արձանագրում:
Իշխանությունն ակնհայտորեն իրադրությանն անհամաչափ է գործում` տեղեկատվական, դիվանագիտական դաշտում և կոնկրետ «հողի վրա», ինչն, առաջին հերթին, իր բացասական ազդեցությունն է թողնում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց վրա, հատկապես, որ գործող կառավարիչների կեցվածքն ու գործելակերպը բնակչության մեծամասնության համար վստահություն չեն առաջացնում»,- նշել է Աբրահամյանը։