Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը խոսք է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության առիթով։
«Սիրելի հայորդիներ, այսօր մենք հիշատակում ենք Օսմանյան կայսրությունում նախորդ դարասկզբին կազմակերպված և իրագործված ցեղասպանության` Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Այս ցավոտ պատմական իրողությունը Օսմանյան պետության ղեկավարները ծրագրեցին և իրագործեցին մեծ պետությունների աչքի առաջ, որոնք դեռ երկար ժամանակ լուռ ու անտարբեր անհաղորդ եղան մեր ժողովրդի կոտորածին ու ողբին։ Պատմական Հայաստանը բռնի կերպով հայաթափվեց, իսկ տեղահանված ժողովրդի 1.500.000֊ը քշվեց անապատ, որտեղ չդիմանալով սովին, ծարավին ու տապին, թուրքի գազանությանն ու վայրագությանը` հոգին ավանդեց ի Տեր, մարմինն ու արյունը անապատի ավազին խառնած։ Ջարդարարների նպատակն էր ողջ հայ ժողովրդին բնաջնջել և հավատափոխ անել:
Այսօր, Մեծ Եղեռնից 110 տարիներ անց, հայ ժողովուրդը կա, ապրում է, պետություն է կերտում, օջախ է շենացնում, «Զի Աստված ընդ մեզ է»։
Բայց այսօր էլ մենք կրկին անհանգիստ ենք, որովհետև պատմությունը պարբերաբար կրկնվելու հակում ունի. մեկ տարի առաջ, նույն մեծ տերությունների անտարբեր հայացքների առաջ հայաթափվեց Արցախ աշխարհը, ասել է թե` հայի վերքը նորից արյունեց։
Սիրելի հայորդիներ, պատմության ցավոտ էջերը մեզ սովորեցնում են հիշել, գնահատել ու արժևորել մեր ազգի անցած դժվարին Խաչի ճանապարհը, նաև հույսով, հավատով ապավինել Խաչյալին ու ապրել Նրա պատվիրաններով, վստահ լինելով, որ երբ մեր հույսն Աստված է, մենք միշտ կլինենք, կունենանք երկիր, պետություն, ազատություն, և ապագայում մեծ ու միավորված հայրենիք։
Աղոթք, խունկ և բյուր օրհնություն սրբադասված անմեղ զոհերի հիշատակին»,- ասվում է Սրբազանի խոսքում։