Հանուն ինչի է ծեծ ուտում ընդդիմությունն ու ինչու Փաշինյանին հեռացնել չեն կարողանում


Հանուն ինչի է ծեծ ուտում ընդդիմությունն ու ինչու Փաշինյանին հեռացնել չեն կարողանում
Ապրիլ 23 20:35 2025

Ազգային ժողովում երեկվա հերթական «բազարից» հետո տղերքը այսօր, վաղը եւ  եւս մի քանի օր դեռ կշարունակեն «ռազբորկաներն» ու «ռազբիրատները»։ Եթե պահանջվի, կխառնվեն «մեծերը», իրար հասցեի կսմիթներ կշպրտեն, բանավեճի կկանչեն․․․, եթե չէ՝ հնարավոր է մի քանի օր էլի ընդդիմությունը կբոյկոտի խորհրդարանական աշխատանքը,  հետո կանցնեն աշխատանքային հունի՝ էլի գործուղումներ, քննարկումներ, հնարավոր է ՝ էլի աղմկոտ նախագծեր, սուր հարցադրումներ եւ ով իմանա՝ մեկ էլ տեսար՝ էլի նոր «բազարներ»․․․

Արդեն տեւական ժամանակ Հայաստանի խորհրդարանի աշխատանքը  այս փակ ցիկլի մեջ  է։ Այս անգամ դարձյալ  «խորհրդարանական գաստրոլների» հիմնական հեղինակը  ՔՊ «քաջարի մարտիկներն» էին։  Ի պատասխան Ադրբեջանի թելադրած խաղի նոր կանոնների, որով Ալիեւը հետեւողականորեն Հայաստանի ղեկավարությանն ու խաղաղության օրակարգն է  «տշում», իրենք էլ  երկրի թիվ մեկ ամբիոնը խրամատ են սարքել  եւ «տշում» են նորին մեծություն ընդդիմությանը։ Այն նույն ընդդիմությանը , որը «սեփական օրակարգով« է մտել Ազգային Ժողով, մինչ այդ չմոռանալով «կռել։

Իսկ իրականությունն այն է, որ քուչի մշակույթը տղերքը այնքան սահուն կերպով  բերեցին Խորհրդարան, որ հիմա դժվար է հասկանալ՝ թե կոնկրետ երբ, ինչպես եղավ, որ փողոցային  խոսույթն ու գռեհիկ վարքագիծը, ցածրաճաշակ շարժուձեւն ու էժանագին պահվածքը  դարձավ  երկրի օրենսդիր մարմնի աշխատանք ․․․

             Գոռալ, աղմկել, իրար ընդհատել, մատ թափ տալ, բղավել, քաշքել, քացի տալ, դուրս կանչել, հայհոյել ու ծեծել։ Ահա այսպիսի խորհրդարան։ Սա իրականում զավեշտ է, ծաղր։ Տղե՛րք, արդեն հասել ենք հատակին։ Դժվար է ասել թե նման մարդկանց կույտ պահելն ու խորհրդարան անվանելը որքանով է արդար։

Այս մարդիկ,  ամենօրյա լրահոսի հետ իրենց գռեհիկ ու լպիրշ պահվածքով մտնում են հայի տուն ու ընտանիք, արժեհամակարգ կերտում։ Ավելի ազնիվ է այսուհետ ոչ թե Խորհրդարան կամ Ազգային ժողով կոչել կառույցին, այլ Քուչի ժողով, կամ Քուչի բազար։ Տղերքը, որոնցից շատերը այնպես էլ չէին հասցրել մեծանալ, ծեծել ու ծեծվել, ընկնել ու վեր կենալ, միանգամից հայտնվելով Խորհրդարանում, այդ օրենքներով մեծանում են  այնտեղ։

Իսկ իրականում բրավո՜, հարգելի՛ ընդդիմադիր գործիչներ, որովհետեւ հենց ձեզ են պարտական ՔՊ-ական չմեծացած տղաները, որ դեռ իշխանությունում են, մի բան էլ «բոքսի» ու ձեռնամարտի կադրեր են բեմադրում՝ ձեր մասնակցությամբ։  

Հանրային զայրույթի մակարդակը Հայաստանում երբե՜ք այսքան մեծ չի եղել, ժողովրդի համբերության բաժակը երբե՜ք այսքան լիուլի չի եղել։ Բացի ՔՊ-ական նեղ «կռուգից», որ պորտալարով կպած  են իշխանական կերակրատաշտին, այս իշխանությանն աջակցող մարդ չի մնացել։ Այն, ինչ ցույց տվեց ՀՀ երկրորդ քաղաքի ընտրությունները, սրա վառ ապացույցն էին։ Մարդիկ պատրաստ են անգամ օդիոզ, երբեմնի մերժված էքսցենտրիկ  կերպարների հետ բերման գնով մերժել ներկաներին։

Իսկ ի՞նչ եք անում դուք։ Ի՞նչ ֆարսի եք մասնակցում,  կամ ի վերջո ինչի՞ն եք սպասում․․․Որ դրսից հզոր ուժերի ազդեցությամբ ՔՊ-ն հեռանա ու իշխանությունը սկուտեղի վրա մատուցեն ձե՞զ։ Թե որ ժողովուրդն ինքն իրեն մի օր որոշի, զանգեն-պայմանավորվեն դուրս գան փողոց, լցվեն հրապարակներ եւ ձեզ կանչեն հարթակ։ Ո՛չ, պարոնայք, այդպես պարզապես  չի լինում։ Համաշխարհային պրակտիկայում իշխանափոխության հատակագիծը, պլատֆորմը   կազմում են ոչ թե քաղաքացիները, այլ ուժեղ անհատները, ուժերը, ընդդիմությունը։ Իսկ քաղաքացիները մասնակցում են այդ պլանին։ Դրա համար նախ պետք է թողնել տաքուկ կաբինետները, հրաժարվել այնքան թանկագին «քուչի» մանդատից  ու բազարներից եւ անմիջապես նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց։ Իսկ այն, ինչով զբաղված է այսօր խորհրդարանական ընդդիմությունը, երկու անուն ունի՝ փող աշխատել եւ ապահովել  ներկա հավասարակշռության վերարտադրություն։

Որովհետեւ եթե կարծում եք, որ գաստրոլներ ապահովելով՝ 2026-ից առաջ նախընտրական բոնուսներ կստանաք, չարաչար սխալվում եք։ Ժողովուրդը չի ներելու ձեզ այդքան տկարամիտ ու ձախողակ լինելու, ՔՊ-ական տապալված իշխանությունից ավելի թույլ, ծույլ  ու սեփական շարքերում իրար «ուտելու» հարցում։

Եւ եթե 2021-ին Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր «Մասնակցելու ենք արտահերթ ընտրություններին եւ կրելու ենք», 26-ից առաջ ստիպված է լինելու նախ  բացատրել, որ ինչ ի նկատի ուներ «կրել» ասելով ԱԺ-ում իրար քաշելու ու քացի տալու տեսարաննե՞րը։ Տեւական բոյկոտից եւ փողոցային պայքարից հետո էլ, երբ 2022-ին ընդդիմադիրները վերադարձան խորհրդարան,  հայտարարում էին, որ գնում են Ազգային ժողով ոչ թե Փաշինյանի, այլ իրենց սեփական օրակարգով։ Մնում է  ենթադրել, որ ծեծել-ծեծվելը  հենց ընդդիմության օրակարգի սպասարկումն  էր։ Զորօրինակ ծեծվելը ընդդիմության մոտ այն էլ ՔՊ-ական ջահելներից, հիանալի ստացվել ու ստացվում է։ Ի՞նչ կա որ։ Ինչպես  մի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներց մեկն էր ասում «Ծեծում է, նշանակում է՝ սիրում է։ Նիկոլ Փաշինյանի սերը, այո,  մոտավորապես ռուսական թևավոր խոսքի նման է»։  Սակայն հազիվ թե սա այդ դեպքը լինի։

Armday.am