Մեր երկում կա բռնության միջավայր, խոսքային՝ վերբալ բռնությունն էլ է բռնություն. Նիկոլ Փաշինյան


Մեր երկում կա բռնության միջավայր, խոսքային՝ վերբալ բռնությունն էլ է բռնություն. Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 23 18:18 2025

«Հետազոտությունը, որոնք ես կարդացել եմ, ասում են, որ բռնությունը միայն ֆիզիկական կոնտակտը չէ, ֆիզիկական ներազդեցության բացակայությունը դեռևս չի նշանակում բռնության բացակայություն»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խեսելով «ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ։

Նա նշեց,որ բռնության այլ ձևեր էլ կան։

«Եթե այդ տրամաբանությամբ նայենք, ապա կարող ենք արձանագրել, որ բռնության միջավայր կա։ Ընդհանուր առմամաբ մեր երկում կա բռնության միջավայր, խոսքային՝ վերբալ բռնությունն էլ է բռնություն։ Եթե այս առումով գնահատենք իրավիճակը, ապա շատ ավելի տխուր պատկերի կգանք»,-ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, թե հանրության շրջանում նման ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է։

 «Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել ուղիղ հակառակը. քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ շատերին թվում է,թե այդպիսով տղաներն ուժեղանում են, բայց այդպիսով տղաները թուլանում են բոլոր առումներով, զրկվում են կամքից, խելքից, ինքնուրույն մտածողության սեփական բանաձևեր ունենալու կարողությունից:

«Ինչքան մարդը քրեական ենթամշակույթին մոտ է, այդքան ավելի հեշտ կառավարելի է: Ինչքան քրեական ենթամշակույթին մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում՝ աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ: Սա ինձ համար աքսիոմա է, տեսական թեզ չէ, սա մի բան է, որ ես գիտեմ և՛ տեսականորեն, և՛ գործնականում, և սա ֆունդամենտալ պրոբլեմ է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ աղջիկների՝ կրթության ոլորտում նկատելի ակտիվությանը՝ մտավախություն հայտնելով, որ այդ առավելությունը վերոնշյալ երևույթի պատճառով է, և որ տղաների անբնական պասիվությունը քրեական ենթամշակույթի բերումով է: Նա նաև ասաց, թե այս համատեքստում քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն կա, այն է՝ ինչպես անել, որ տղաներին մոտեցնեն գիտելիքին, կրթությանը: