Այս պայմաններում իշխանության գործողությունը պետք է լինի հրաժարականը. պատգամավոր (Տեսանյութ)


Այս պայմաններում իշխանության գործողությունը պետք է լինի հրաժարականը. պատգամավոր (Տեսանյութ)
Ապրիլ 23 16:23 2025

Այս պայմաններում իշխանության գործողությունը պետք է լինի հրաժարականը, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Եթե ինչ-որ գործիչներ 5 տարի շարունակ հայտարարում են, որ խաղաղություն են բերում ու արդյունքը սա է, հրաժարականից բացի, այլ գործողություն, կարծում եմ, չկա։ Ինչի՞ վրա եք զարմանում, դա է Փաշինյանի խաղաղությունը, ամեն ինչ տրամաբանական է նրա պարագայում։ Դժոխային է, որ այդ ամենն իրականություն դարձավ, բայց մենք այդ մասին զգուշացնում էինք»,-ասաց նա։

Անդրադառնալով սահմանային կրակոցների վերաբերյալ ՊՆ հայտարարություններին՝ Մամիջանյանը նշեց, որ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, երբ դրանք սկսեցին շրջանառվել մամուլում, սոցցանցերում.«Ընդ որում, իրենց տարածած հաղորդագրությունն էլ մի հրաշք չէր։ Իրենք Ադրբեջանի փոխարեն «կռուտիտ» էին լինում։ Սա է իրականությունը։ Մեր բոլոր քաղաքացիների համար, որոնք այս 5 տարվա ընթացքում խաբվել են Փաշինյանի՝ «խաղաղություն  եմ բերում» սուտ թեզին, պետք է նկատենք, որ արդյունքը սա է, որ մարդիկ մտածում են իրենց տները թողնել ու գնալու մասին։ Գոնե հիմա փորձ արվի այլ ճանապարհներ գտնելու՝ միջազգային միջնորդ, բանակցային երաշխավոր, վերափոխել բանակցությունների տրամաբանությունը։ Ուշադրություն՝ ես պատերազմի մասին որևէ խոսք չեմ ասում, իմ ամբողջ խոսքը բանակցության մասին է, հետևաբար, այդ հեքիաթերը, թե մենք խաղաղություն չենք ուզում, թող գնան իրենց վարչության նիստերում պատմեն։

Վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ եթե անվտանգության երաշխավորը բանակն է, ապա այդ անվտանգությունը ձախողված է։ Շատ պարզ համեմատական է առաջ քաշվում՝ եթե Նիկոլ Փաշինյանի անվտանգության երաշխավորը 20-30 մեքենաներից բաղկացած շարասյուներն են, որտեղ մտնում է, այդտեղ դադարում է կյանքը, իսկ գուցե այդտեղ ի՞նքն էլ է ձախողված։ Կարծում եմ՝ սա տեղին զուգահեռ է»։

 Մամիջանյանը նաև անդրադարձավ Ադրբեջանի նպատակներին  և շեշտեց.«Ադրբեջանի նպատակները եղել և մնում են նույնը՝ երբ իրենք տեսնում են դիմացինը պատրաստ է ծախել ամեն ինչ, միայն թե մի թղթի կտոր ստանա, սեղմում են մինչև վերջ»։