Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանի համար Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը քրտնաջան աշխատանքի արդյունք է:
«Նախորդ վնասվածքից հետո դժվարություններ շատ-շատ են եղել, ժամանակ շատ քիչ եմ ունեցել մարզումների համար, ընդամենը երկու հավաք եմ ունեցել, մարզվելու երկու ամիս ժամանակ եմ ունեցել, բայց շատ քրտնաջան մարզումների շնորհիվ հասել եմ իմ գերազանց վիճակին, որ, այսօրվա դրությամբ, կարողացա ոսկե մեդալով վերադառնալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը:
Նա նշեց, որ հաղթանակը տոնելիս զգացմունքային էր, քանի որ մի քանի մրցաշար շարունակ իրեն չէր հաջողվել ոսկե մեդալակիր դառնալ:
«Այս անգամ ստացվեց այնպես, ինչպես մենք էինք ուզում: Մրցակցությունը շատ թեժ էր, ամեն ինչ լավ էր: Հույզերով լի առաջնություն ստացվեց»,- հավելեց Գարիկ Կարապետյանը: