Երևանը ճգնաժամ է ապրում, ավագանու արտահերթ ընտրություններն առավել քան երբևէ արդիական են. Ավագանու ընդդիմադիր անդամների հայտարարությունը


Երևանը ճգնաժամ է ապրում, ավագանու արտահերթ ընտրություններն առավել քան երբևէ արդիական են. Ավագանու ընդդիմադիր անդամների հայտարարությունը
Ապրիլ 22 23:28 2025

Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը տապալեց Ավագանու հարցուպատասխանի նիստը՝ հեռանալով դահլիճից։ Նիստը սկսելու համար գրանվեց  ավագանու 22 ընդդիմադիր անդամ։ Նիստը Վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտարարեց, որ քվորում չկա, նիստը չի կայանա և հրահանգեց ընդհատել ուղիղ եթերը։

Փոխքաղաքապետի հեռանալուց հետո ավագանու ընդդիմադիր անդամները նիստ գումարեցին, որը վարեց «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Սամվել Հարոյանը, իսկ ուղիղ կապը ֆեյսբուքով ապահովեց Զարուհի Փոստանջյանը։

 Նիստը նախագահողը  խոսքը տվեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին։

«Հերթական անգամ արձանագրվեց, որ Երևան քաղաքը ղեկավարում են երկչոտ և անպատասխանատու մարդիկ, ովքեր իրենց հրավիրած նիստից ճողոպրեցին»,-ասաց Մանուկ Սուքիասյանը և հավելեց, որ Երևանի տրանսպորտի վերաբերյալ ընդդիմության նախագծերը դարձել են ոսկոր իրենց կոկորդին և հետևողական տանելու են մինչև իշխանական լծակներից ՔՊ-ի հեռացումը։

 Սուքիասյանը ներկայացրեց որոշման նախագիծ Երևան քաղաքի ավագանու տրանպորտի ուղեվարձը թանկացնելու որոշումը կասեցնելու մասին։

«Երևանը ճգնաժամ է ապրում, մայրաքաղաքի իշխանություններն անպատասխանատու են, իրենց տեղում չեն, և ավագանու արտահերթ ընտրություններն առավել քան երբևէ արդիական են»,-ասաց Մանուկ Սուքիասյանը։

Մեսրոպ Մանուկյանը ներկայացրեց հիմնական նիստում ունեցած իր ելույթի մանրամասները՝ փաստելով, որ նախորդ տարի այս ժամանակաշրջանում «Երևան ավտոբուս»-ը 100 դրամներով և «վարորդների փող գողանալով» օրական 28 մլն էին հավաքում, բայց ներկայում թանկացրել են տրանսպորտը,  20 % մասնավորը գծերը անցել են քաղաքապետարանին և այդ գումարն էլ է «Երևան ավտոբուս»-ն է հավաքագրում, բայց օրական այսօր հավաքում են 33 միլիոն։

Նա նաև նկատեց, որ միայն մետրոյով օրական 10 մլն է մուտքագրվում, իսկ էլեկտրատրանսպորտի մասին էլ չի խոսում։  

Նշելով, որ քաղաքապետարանի բյուջեից միայն ուղեվարձից միլիոնավոր դրամներ են կորչում՝ Մանուկյանը դիմեց Դատախազությանը, ԱԱԾ-ին, որ հետևողական լինեն իր հրապարակած թվերի հարցում, եթե սխալ բան են ասում, ապա պատասխանատվության ենթարկեն։