Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում սահմանազատման գործընթացի շուրջ առկա անորոշությունը խորացնում է լարվածությունը։ Բնակիչների շրջանում քննարկումների հիմնական թեման սպասվող սահմանազատման հնարավոր ազդեցություններն են։
«Ականազերծման աշխատանքներն ավարտվել են, բայց բնակիչները պաշտոնյաների չեն տեսել, ոչ ոք չի եկել, բնակիչների հետ որևէ հանդիպում տեղի չի ունեցել», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Ոսկեպարի բնակիչ, գնդապետ Միհրան Մախսուդյանը։
Մախսուդյանի խոսքով՝ հնարավոր է, որ իշխանությունները սահմանազատման վերաբերյալ բնակիչների տրամադրությունները փորձում են ստուգել նախորդ սահմանազատմանն ընդդիմացող ակտիվ բնակիչներից թաքուն՝ հասկանալու, արդյոք այս անգամ ևս գործընթացը «կմարսվի» հանրության կողմից։ Նրա գնահատմամբ՝ այս պահի դրությամբ բացի ականազերծման աշխատանքներից որևէ շարժ չի նկատվում։
Ոսկեպարի մեկ այլ բնակիչ նշել է, որ գյուղում գոյություն ունի որոշակի սպասողական լարվածություն։ «Մարդիկ վաղուց արդեն մոռացել են, թե ինչ է հանգիստ գյուղատնտեսական կյանքը։ Գյուղում բոլորի խոսակցությունների առանցքը սահմանազատման շուրջ պտտվող լուրերն ու սպասումները են», – ասել է նա։
Կիրանցի բնակիչ Անդրանիկ Նազարյանն իր հերթին տեղեկացրել է, որ միակ պաշտոնական շարժը, որի մասին հայտնի է դարձել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ինչ-որ անձանց հետ, մի քանի օր առաջ Կիրանցի դպրոց այցելելն է, սակայն բնակիչների հետ որևէ հանդիպում այդ ընթացքում չի կայացել։