Օրերս Tert.am-ի սոցցանցային էջերում լուր էինք հրապարակել, որում վրիպակ է եղել։ Նյութում նշվում էր, որ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասել է, որ առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 հազար դրամով։
Իրականում պատգամաավորն ասել է, որ առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով։
Հայաստանի Հանրապետությունում բնակելի տներ կամ որ ընդունված է ասել՝ սեփական տներ, առանձնատներ ունեցողների 51 տոկոսի, այսինքն՝ կեսից ավելիի համար գույքահարկը 2026 թվականին թանկանալու է ամսական 50-300 դրամով: Այդ մասին ազգային ժողովի՝ ապրիլի 18-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով 2026 թվականին նախատեսվող փոփոխությունները:
«Բնակարանների 46 տոկոսի, այսինքն՝ ինչքան բնակարան կա ՀՀ-ում, դրանց մոտ կեսը 2026 թվականին ամսական ընդամենը 250-500 դրամ է ավելի շատ վճարելու, բայց այն 0,67 տոկոսը տալու է այնքան գումար, որ ամսական 50 դրամ կամ 250 դրամ ավելի վճարող շարքային «աշխատող աղքատները» («Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի բնորոշումն է- խմբ.) ունենան թանկարժեք տրանսպորտ, թանկարժեք մանկապարտեզ, թանկարժեք ասֆալտ, թանկարժեք այլ ենթակառուցվածքներ: Այլ հավասար պայմաններում չի լինի, որովհետև դուք ուզում եք, որ «աշխատող աղքատը» շարունակի նույնքան գումար վճարել այդ նույն հանրային տրանսպորտի համար, որքան այն 0,67 տոկոսի մի մասն է վճարել ավտոբուսների համար»,- ասաց նա:
Ազգային ժողովում քննարկվում է ընդդիմության ներկայացրած՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ: