Եթե անգամ Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի կլիներ նրան հորինել. Ձեր ելույթները, փաստորեն, Ձեզ էլ են ծխեցնում. Հայկ Կոնջորյան


Եթե անգամ Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի կլիներ նրան հորինել. Ձեր ելույթները, փաստորեն, Ձեզ էլ են ծխեցնում. Հայկ Կոնջորյան
Ապրիլ 22 12:57 2025

Եթե անգամ Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի կլիներ նրան հորինել, որ գա ու ելույթ ունենա, ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Ասում է՝ «Արարատը Հայաստանի հավաքականի մարզաշապիկից թյուրիմացաբար է անհետացել»։ Ո՞նց կարող է, դուք այդքան նսեմացրել ու նսեմացնում եք Արարատը, որ համարել եք, որ Արարատը կարելի է թյուրիմացաբար դուրս թողնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկից, հիմա մե՞նք ենք Արարատն ուրանում, թե՞ դուք»,- նշեց Կոնջորյանը։

Նա ասաց, թե ամեն ելույթից հետո Գեղամ Մանուկյանը դուրս է գալիս ծխելու։

«Ձեր ելույթները, փաստորեն, Ձեզ էլ են ծխեցնում»,- ասաց ՔՊ-ականը։

Ըստ Կոնջորյանի՝ թյուրիմացաբար, երևի, Դաշնակցությունը կոալիցիայի մեջ է մտել երիտթուրքերի հետ։

«Թյուրիմացաբար կոալիցիայի մեջ մտաք ՀՀԿ-ի հետ, հետո դուրս եկաք ու էլի թյուրիմացաբար հետ մտաք, ամեն ինչ թյուրիմացաբա՞ր է եղել»,- նշեց նա։

Կոնջորյանը Գեղամ Մանուկյանին կոչ արեց հաջորդ անգամ ցնցել իրենց. «Մի խելացի բան ասեք»։