«Մայիսի 9-ի հաղթանակը մեր հաղթանակն էլ է». Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Փաշինյանը կգնա Մոսկվա


«Մայիսի 9-ի հաղթանակը մեր հաղթանակն էլ է». Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Փաշինյանը կգնա Մոսկվա
Ապրիլ 15 15:04 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին։

«Մայիսի 9-ի հաղթանակը մեր հաղթանակն էլ է, մենք 300 հազար զոհ ենք տվել, 300 հազար մարդ գնացել ու չի վերադարձել, էլ չեմ ասում, որ դիմադրության շարժումներում տարբեր դաշնային զորքերում էլի հայեր են եղել, որոնք մասնակցել են, դա մեր  հպարտության օրերից մեկն է, ու ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը որևիցե ձևով չի կարող կապ ունենալ ԵՄ-ի կամ այլ բաների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանն ընդգծեց՝ «այսինքն Հայաստանը պետք է ամեն ինչը դնի մի կողմ, որ հանկարծակի ԵՄ ինչ-որ պաշտոնյա՞...»։

«Եկեք մի բան ֆիքսենք, միջպետական հարաբերությունների մեջ՝ լինի ԵՄ, ՀԱՊԿ, Ռուսաստան կամ չգիտեմ որ երկրի հետ՝ կա ՀՀ դիրքորոշում, որը մենք պահում ենք ու տանում ենք առաջ, կարող է ինչ-որ մի երկրի դա դուր չի գալիս, բայց, կներեք, մենք մեր շահերն ունենք»,- նշեց ԱԺ նախագահը։

Սիմոնյանն ասաց, որ անցած տարի վարչապետը չգնաց Մոսկվա, քանի որ հարմար չէր։