Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբինյան


Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբինյան
Ապրիլ 14 17:26 2025

Թուրքիայի ներկայացուցչի հետ քննարկել ենք կարգավորման գործընթացն՝ իր ամբողջ սպեկտրով, այսինքն՝ այս ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրագործումը։ Ինչպես գիտեք՝ մի մասն իրագործված է, մի մասը՝ ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Նա մանրամասնեց, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում քննարկել են նաև Անիի պատմական կամրջի վերականգնման հարցը։

Անդրադառնալով «Մարգարա» անցակետի բացման վերաբերյալ հարցին՝ Ռուբինյանը պատասխանեց․ «Դա այն պայմանավորվածություն է, որի կատարման համար մենք մեր կողմից մեր անելիքն արել ենք, և սպասում ենք, որ թուրքական կողմը կատարի պայմանավորվածությունը։ Այս հարցի հետ կապված նորություն չկա»։

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ՝ առանց որևէ նախապայմանի․ «Դրանից զատ էլ, ինչպես գիտեք, Հայաստան–Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, և պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ համաձայնագիրը, այսինքն՝ վարչապետը պատրաստ է անել դա։ Մենք առաջարկել են Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ դրա ստորագրման վայրի և ժամկետի շուրջ»։

Անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված Բաքվի կողմից համաձայնագրի ստորագրման ձգձգումը և զուգահեռ՝ սահմանին Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից կրակոցները՝ Ռուբինյանը պատասխանեց․ «Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ, մեր դիրքորոշումը հայտնեցի, մնացածն Ադրբեջանի դաշտում է»