Խայտառակ հայտարարություն է. իրենց ձախողումների հետևանքով է Արցախի ժողովուրդը տեղահանվել. Բեգլարյան


Խայտառակ հայտարարություն է. իրենց ձախողումների հետևանքով է Արցախի ժողովուրդը տեղահանվել. Բեգլարյան
Ապրիլ 7 20:15 2025

 «Ե՛վ արցախյան, և հայաստանյան հասարակական ու քաղաքական ուժերի հետ քննություններ կամ այլ տիպի ծրագրեր, որոնք ավելի երկարաժամկետ կարող ենք իրագործել բոլոր հնարավոր ուժերի հետ: Բայց մեզ համար նաև խորհրդանշական առումով կարևոր է, որ կա լայն համախմբում, և այդ գործընթացն է առկա այդ և արցախյան, և հայաստանյան, և սփյուռքյան կազմակերպությունների և ուժերի հետ, որոնք կիսում են այս պահանջները, այս դրույթները, որոնք մենք հրապարակել ենք մինչ այս»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Անդրադառնալով ԱԳՆ-ի այն հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում Արցախի հարցը ներառված չէ,Բեգլարյանն արձագանքեց․

«Ես որպես ուղղակի անհատ հանրային գործիչ կարող եմ արձագանքել, որ շատ խայտառակ հայտարարություն է: Նախ, փաստերը և փաստարկները լրիվ խեղաթյուրված են, հետո՝ ուղղակի հերթական անգամ իրենք արձանագրում են, որ իրենց օրակարգում ընդհանրապես արցախցիների իրավունքների պաշտպանության հարց չկա արտաքին քաղաքական օրակարգում։ Երրորդ՝ իրենք հերթական անգամ, այս անգամ արդեն ԱԳՆ-ն, փորձում է մեղքը գցել բոլորի վրա՝ իրենց վրա որևէ պատասխանատվություն չվերցնելով: Այստեղ ես կարող եմ ասել, որ Արտգործնախարարությունը հենց որպես մարմին մեծ բացթողումներ է ունեցել, որ չի կարողացել ապահովել, այսպես ասած, իրենց տերմինաբանությամբ ասած՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը միջազգային մեխանիզմներով: Եվ ասեմ, որ այդ հանդիպումները առաջինը՝ Սոֆիայի մասով տեղի չի ունեցել 23 թվականի հունիսին, քանի որ միջազգային մեխանիզմ չկար: Ադրբեջանը պնդում էր երկկողմ հանդիպում, Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի պնդել և չի աջակցել միջազգային մեխանիզմի, այնինչ իրենք էին հայտարարում, հիշում եք, Միշելի գլխավորությամբ տարբեր այլ ձևաչափերով և այլն: Եվ մենք պահանջում էինք, որ պետք է լինի միջնորդների մասնակցությամբ միջազգային երաշխավորմամբ»,- ասաց նա։

Բեգլարյանը նաև հիշեցրեց երկրորդ հադիպման մասին, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 1-ին Բրատիսլավայում:

« Մենք համաձայնվեցինք, արցախյան կողմը նույնիսկ երկկողմ հանդիպմանը առանց միջազգային մեխանիզմի: Ադրբեջանական կողմը հուլիսի 29-ին առևանգեց Վագիկ Խաչատրյանին Կարմիր Խաչի մեքենայից, որպեսզի վիժեցնի բանակցությունները: Նույնիսկ դրանից հետո մենք պատրաստ էինք գնալ հանդիպմանը, և արցախյան կողմի ներկայացուցիչները մինչև հուլիսի 31-ը սպասում էին թռիչքին, տոմսերը գնած: Հուլիսի 31-ին ադրբեջանական կողմը չեղարկեց հանդիպումը առանց որևէ պատճառի: Եվ այսքանը իմանալով՝ Հայաստանի Արտգործնախարարությունը ուղղակի գցում է արցախյան կողմի վրա: Եվ հաջորդը «լուծարման հրամանագիրն»  է, որը իրենք գիտեն, որ հակասահմանադրական է»,- ընդգծեց Բեգլարյանը։