Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 11-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ: Հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։
Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման, ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են ՄԻՊ հաստատությունների և իրավապաշտպանների գործունեության երաշխավորման համար անվտանգ միջավայրի առկայության կարևորությանն առնչվող հարցեր:
Պաշտպանը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքին:
Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ Պաշտպանի և ՄԻՊ հաստատության համագործակցության կարևորությունը:
Ի թիվս այլնի, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր: