Starship տիեզերանավը կրկին պայթել է։ Տեխասի հարավում գտնվող տիեզերակայանից փորձնական մեկնարկից մոտ 10 րոպե անց, երբ նավի վերելքի ավարտին մնացել էր մոտ 20 վայրկյան, կապը նրա հետ կտրվել է, հայտնում է CNN-ը: Պայթյունը, որը տեղի է ունեցել Կարիբյան ծովի վրա, տեսանելի է եղել Ֆլորիդայի որոշ հատվածներից։ Բայց Super Heavy հրթիռի առաջին հատվածը, բարեհաջող վայրէջք է կատարել արձակման վայրում:
Հրթիռի բեկորների վայր ընկնելու սպառնալիքի պատճառով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) ժամանակավորապես սահմանափակումներ է մտցրել Ֆլորիդայի մի քանի օդանավակայաններում, այդ թվում՝ Մայամիում, Օռլանդոյում, Պալմ Բիչում և Ֆորտ Լոդերդեյլում: Այդ մասին գրում է «Դոյչե վելեն»։
Սա Starsip-ի ութերորդ առանց անձնակազմի փորձնական արձակումն է, որի յոթերորդ փորձը նույնպես ավարտվել է անհաջողությամբ: Ութերորդը պետք է տեղի ունենար երեքշաբթի՝ մարտի 4-ին, սակայն արձակումը չեղարկվել է մեկնարկից 40 վայրկյան առաջ՝ տեխնիկական խնդրի պատճառով։
Starship-ը մինչ օրս ամենամեծ և ամենահզոր տիեզերական հրթիռն է: Համակարգը, որը բաղկացած է 70 մետրանոց Super Heavy առաջին աստիճանից և 50 մետրանոց լրացուցիչ շարժիչներով Starship տիեզերանավից, ունի ընդհանուր 150 տոննա գնահատված բարձրացման հզորությունը։ NASA-ն ցանկանում է օգտագործել այս նախագիծը՝ վերսկսելու մարդկանց թռիչքները դեպի Լուսին, իսկ Մասկը հույս ունի մարդկանց ուղարկել Մարս: