«Մենք ունենք մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություն»,- ասուլիսում հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա հիշեցրեց, որ մարտի սկզբին հայտարարել էր՝ կանխատեսվում է մարտին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը Հայաստանի տարածքում նորմայի սահմաններում։
«Սակայն վերջին 2-3 օրերին մթնոլորտի շրջանառության մեջ տեղի ունեցան էական փոփոխություններ։ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ազորյան կղզիների շրջակայքում ձևավորված հզոր ազորյան անտիցիկլոնը տարածվեց ամբողջ Եվրոպայում, հասավ Թուրքիա, ճյուղավորումները հասան Հայաստան և Կովկաս։
Եվ այս մթնոլորտի շրջանառության էական փոփոխության արդյունքում մարտ ամսվա կանխատեսումը փոխվել է։ Կանխատեսվում է մարտին օդի ջերմաստիճանը ոչ թե նորմայի մոտ, այլ կլիմայական նորմայից բարձր մոտ 3-4 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս»,- ասաց Գագիկ Սուրենյանը։
Նա հայտնեց, որ տաք օդի ներխուժման դեպքում Հայաստանի լեռնային մարզերում՝ Շիրակ, Կոտայքի լեռնային գոտիներ, Արագածոտնի լեռնային գոտիներ, Գեղարքունիք, Վայոց ձորի լեռնային գոտիներ, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի մինչև +11-+16 աստիճան տաքության, Լոռիում՝ մինչև +16-+20 աստիճան տաքության, Տավուշում՝ մինչև +20-+24 աստիճան տաքության, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում ՝ +20-+24 աստիճան տաքության, Սյունիքի հովտային գոտում՝ +26 աստիճան տաքության, նախալեռնային հատվածներում՝ +18-+22 աստիճան տաքության։
Մարտին Երևանում առավելագույն ջերմաստիճանը սպասվում է +21-+23 աստիճան տաքություն։