«Առավոտից զինվորական պանթեոնում եմ, սպասում եմ, թող գա, նայի տղերքի նկարներին ու իմ աչքերին և ասի՝ ո՞վ չի կռվել»․ Հերոսի մայրը՝ Սարիկ Մինասյանին


«Առավոտից զինվորական պանթեոնում եմ, սպասում եմ, թող գա, նայի տղերքի նկարներին ու իմ աչքերին և ասի՝ ո՞վ չի կռվել»․ Հերոսի մայրը՝ Սարիկ Մինասյանին
Փետրվար 27 19:44 2025

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին Շիրակի զինվորական պանթեոն է հրավիրել 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի հերոս Ժորայի մայրը՝ Նաիրա Մարգարյանը։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Նաիրա Մարգարյանն ասել է, որ առավոտից   զինվորական պանթեոնում է, բայց քաղաքապետի պաշտոնակատարն այդպես էլ չի բարեհաճել ժամանել։

Նաիրա Մարգարյանը, երեկ վրդովված Սարիկ Մինասյանի արտահայտությունից, թե Արցախը «Փաշինյանը չի հանձնել», «չենք կռվել, դրա համար էլ պարտվել ենք», ֆեյսբուքում գրառում էր արել և նրան հրավիրել պանթեոն․

«Սարիկ Մինասյան, խոսքս ուղղում եմ քեզ, վաղը քեզ սպասում եմ Շիրակի պանթեոնում , որ  նայես տղերքի նկարներին ու իմ աչքերին և ասես՝ ո՞վ չի կռվել»։

Գրառումն անարձագանք է մնացել։

«Առավոտվանից էստեղ եմ, սպասում եմ, թող գան, ասեն՝ ով չի կռվել, եթե չենք կռվել, էս Եռաբլուրները որտեղի՞ց․․․ Ոչ մեկն էլ չի եկել․․․․»,- «Հրապարակ»-ին ասել է հերոսի մայրը։

Լրատվամիջոցից զանգահարել են  Սարիկ Մինասյանին՝ պարզելու՝ գնալու՞ է, թե՞ ոչ, սակայն հեռախոսազանգերն անպատասխան են մնացել։