«Ուիգմոր» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության հետևանքով կնոջ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանից։
Ավելի վաղ «Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանն ահազանգել էր, որ «Ուիգմոր» բժշկական կենտրոնում արձանագրվել է պլաստիկ վիրահատության հետևանքով ողբերգական մահվան դեպք:
Այս կլինիկան կապվում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մոր հետ։
««Մ.Մ.-ն ընդունվել է Ուիգմոր փետրվարի 18-ին՝ ակնկալիքներով, որ պլաստիկ վիրահատություններից հետո դուրս է գրվելու ավելի գեղեցիկ և կատարյալ ֆիզիկական վիճակում: Հավելենք, որ տիկինը խրոնիկական հիվանդություններով չի տառապել, առողջության հետ կապված խնդիրներ, բողոքներ չի ունեցել: Մ.Մ.-ին «Ուիգմոր»-ում կատարել են սիմուլտան (համակցված) վիրահատություններ՝ որովայնի պալստիկա և զուգահեռ ևս մեկ այլ տեղակայման պլաստիկ վիրահատական միջամտություն:
Հիվանդի վիճակը հետվիրահատական 2-րդ օրը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հիվանդի վիճակը էլ ավելի է վատացել՝ գնահատվել է ծայրահեղ ծանր, հաջորդիվ՝ փետրվարի 21-ին, նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նույն օրը երեկոյան՝ ժամը 23:30-ի սահմաններում, Մ.Մ.-ի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ»,- հայտնել էր Պողոսյանը՝ նշելով, որ կինն առողջական խնդիրներ չի ունեցել։
ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
«Այս պահին կատարվում են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ»,- նշել է Ավդալյանը։
Ավելի վաղ պլաստիկ վիրահատության հետևանքով մահվան դեպք արձանագրվել էր «Արթկոսմեդ» էսթետիկ բժշկական կենտրոնում։ Մասնավորապես, 2024թ․ հոկտեմբերի 8-ին պլաստիկ վիրահատության հետևանքով մահացել էր 56-ամյա Զաբել Կարապետյանը։ Վերջինս վիրահատվել էր հոկտեմբերի 5-ին։
Կնոջ ամուսինը մեղադրում է բժշկին, քանի որ, ինչպես պարզվել է, բժիշկը միաժամանակ կնոջ մարմնի հինգ հատվածներում վիրահատություն է սկսել։
Վիրահատությունը կատարած պլաստիկ վիրաբույժ և կենտրոնի ղեկավար Արթուր Սարգսյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կնոջ մահը կապելով սրտի կաթվածի հետ։
«Արթկոսմեդ» էսթետիկ բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո 56-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է մարդու մահ)։ Այս գործով արդեն հինգ ամիս է՝ քննություն է իրականացվում, սակայն մեղադրյալ չկա։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնել է, որ նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև հանձնաժողովային փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռևս չեն ստացվել: Կատարվում է նախաքննություն։
Դեպքից հետո օրակարգ է բերվել նշված ԲԿ լիցենզիան կասեցնելու հարցը, համենայն դեպս, դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ «Արթկոսմեդ» Էսթետիկ բժշկության և պլաստիկ վիրաբուժության կենտրոնում պլաստիկ վիրահատությունից հետո 56-ամյա կնոջ մահից հետո տեսչական մարմինը միջնորդել է կասեցնել կենտրոնի լիցենզիան։