Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրավունք չուներ գերեվարվելու, նրանց գերեվարումը սպառնալիք է երկրի համար, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Եթե դատավարության ընթացքում նայեք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դիմագծերին, դուք կտեսնեք, որ այնտեղ խոշտանգումներ են իրականացվում: Հիմա այդ խոշտանգումների դեմ ի՞նչ ճանապարհ կա, որպեսզի դրա դեմն առնվի՝ իհարկե, միջազգային հանրության որոշակի արձագանքը»,- նշեց նա։
Քոչարյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի դեմքին «գրված է», թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվի բերդում:
«Ռուբեն Վարդանյանը մեծահարուստ անձնավորություն է, նաև ինքը ստեղծեց «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որը հումանիտար, շատ կարևոր միջազգային գործընթաց ապրած համակարգ էր։ Այսօր նույն «Ավրորա»-ն Ռուբեն Վարդանյանի հետ կապված անելիք չունի՞, Նուբար Աֆեյանն անելիք չունի՞։
Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ: Մի ասա այն, ինչը ինչ-որ պահի կօգտագործվի քո դեմ: Բա պիտի այդ դատավարությունն օգտագործվի Հայաստանի դեմ: Բա պետք է չգերեվարվեր, դուք իրավունք չունեիք գերեվարվելու: Նման մակարդակի պաշտոնյաների գերեվարումը սպառնալիք է երկրի համար»,- նշեց ՔՊ-ականը։