Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Շտապօգնության մեքենաները երթևեկում են առանց ձմեռային անվադողերի, այդ իսկ պատճառով, պայմանավորված եղանակային պայմաններով, դժվարացել են կանչերի գնալ: Այս հարցի շուրջ Tert.am-ը զրուցել է Շտապբուժօգնության կենտրոնական կայանի բրիգադի բժիշկ Հարություն Հարությունյանի հետ, ով հերքեց, թե մեքենաները երթևեկում են առանց ձմեռային անվադողերի:
«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ նոյեմբերի 1-ից բոլոր մեքենաները ձմեռային անվադողերով են, փոխվել են անգամ պահեստում առկա մեքենաների անվադողերը»,- ասաց նա:
Անդրադառնալով տարածված տեսանյութերին, որտեղ քաղաքացիները հրում էին Շտապօգնության մեքենաները, Հարությունյանն ասաց.
«Գիտեք, ես ինքս վարում եմ ճապոնական ամենագնաց՝ ձմեռային անվադողերով, երեկ քաղաքում եղել են վայրեր, որտեղ մեքենան դժվարացել է շարժվել: Հասկանալի է, մեծ մեքենաներ են Շտապօգնության մեքենաները, այդ եղանակային պայմաններում դժվարացել են շարժվել, քաղաքացիներն էլ օգնել են, շնորհակալություն օգնող քաղաքացիներին ու այդ բժիշկներին, որ այդ պայմաններում հասցնում են բուժողություն ցուցաբերեն, ինչ-որ արտառոց պատահար չի գրանցվել: Իմ խնդրանքն է, որ երբ այդպես նկարում, տարածում են, շտապբուժօգնությանը չօգտագործեն քաղաքական նպատակներով, մեր գործը բուժօգնություն ցուցաբերելն է: Կարող էին պարզապես շնորհակալություն հայտնել, որ այդ պայմաններում բժիշկները շարունակում էին աշխատել»,- ասաց Հարություն Հարությունյանը: