Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է ներդնել 100 դրամ արժեքով մեկանգամյա օգտագործման տոմս ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (օգտագործելու) ժամկետով, մեկ ուղևորություն կատարելու հնարավորությամբ։
Այս նախագիծն ընդգրկվել է փետրվարի 12-ին կայանալիք ավագանու նիստի օրակարգում:
Նախագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. «Սոցիալական անարդարության մեղմացման, ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների առանց այդ էլ դժվար կացությունը չխորացնելու և հանրային տրանսպորտի գրավչությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է պահպանել 100 դրամ արժողությամբ մեկանգամյա ուղևորափոխադրման հնարավորությունը` միաժամանակ ուղիներ փնտրելով տրանսպորտային համակարգի ֆինանսավորման և սուբսիդավորման համար, մասնավորապես, ավելի բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիներից գանձվող տուրքերի հաշվին լրացուցիչ միջոցներ ուղղել տրանսպորտային համակարգի սպասարկմանը՝ նկատի ունենալով, որ որակյալ հանրային ուղևորափոխադրումների կազմակերպումը ազդում է ոչ միայն բուն տրանսպորտից օգտվողների, այլև երթևեկության բլոր մասնակիցների և, ընդհանուր առմամբ, քաղաքի բնակիչների կյանքի որակի վրա»:
Այս նախագիծն ընդգրկված է զեկուցվող հարցերի մեջ: