«Իրենց գրպաններին հնարավոր չէ կպնել, միայն ժողովրդի գրպանին են կպնում», «ամեն ինչը թանկացնում են, չեն էլ ամաչում, աշխատավարձերը թող բարձրացնեն»՝ նշեցին քաղաքացիները, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում Երևանում հասարակական տրանսպորտը 150 դրամ դարձնելու դեմ։
«Ի՞նչ է մեր վիճակը՝ երկիրը ծախեց, «ազգային» բառն ինչո՞ւ են հանում, օրհներգի տների հերթականությունն ինչո՞ւ փոփոխեցին, ի՞նչն էր իրենց խանգարում։ Ոչ մի լավ բան չեն արել։ Կպայքարեմ այնքան, մինչև հաղթանակ լինի, բայց հավատաս չի գալիս, որ կհաղենք։ Այս կառավարությանը հնարավոր չէ հաղթել։
Կոնկրետ ինձ համար անվճար է, հաշմանդամության կարգ ունեմ։ Բայց աղջիկս 4 անգամ տրանսպորտ է նստում, դրան գումարած երեխային է տալիս ու ընդամենը 60 հազար դրամ է ստանում»,- ասաց տարեց քաղաքացին։
Երիտասարդ քաղաքացին 100 դրամ վճարեց, սակայն վարորդը դժգոհություն հայտնեց։
«Գնա,100 դրամ մետաղադրամն ուրիշ տեղ վճարի։ Ես չեմ վերցնում կոպեկ։ Ես քեզ տեղեկացրեցի՝ վերցրու գումարդ։ Իջի ներքև տղա ջան։
Գժվացրեցին այսօր, ի՞նչ անենք, քշենք, գնանք գարա՞ժ, որ վապշե ոչ մեկ չգնա՞։ Դա՞ ես ուզում, տղա ջան։ Բոյկոտի տեղն ավտոբուսը չէ։ Ինձ հասցնում ես կլինիկական վիճակի»,- վրդովված ասաց վարորդը։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ եթե մետադաղրամով 100 դրամը չի վերցնում, անվճար է երթևեկելու։
«Թող նստի»,- ասաց վարորդը։
Վարորդը բացատրեց, որ եթե ինքը վերցնի 100 դրամանոցը, աշխատանքից կազատվի։
«Եթե վարորդը հրաժարվում է վերցնել 100 դրամ մետաղադրամ, ժողովուրդ ջան, երթևեկեք անվճար»,- հայտարարեց ավտոբուսում մեկ այլ քաղաքացի։