Ձերբակալվել է Իրանի` Հանրապետության հրապարակում երգող քաղաքացիներից մեկը


Ձերբակալվել է Իրանի` Հանրապետության հրապարակում երգող քաղաքացիներից մեկը
Փետրվար 2 02:39 2025

Հունվարի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 23/1 հասցեի մոտ մի քաղաքացի կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ քաղաքային ավտոբուսում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։ Տեղում ոստիկանները պարզել են, որ այդ արարքը կատարել է Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի, ում երբ թիվ 10 երթուղու ավտոբուսում նախազգուշացրել են, որպեսզի դադարեցնի անհարգալից վերաբերմունքը հասարակության նկատմամբ, նա չի դադարեցրել արարքը և շարունակել է արհամարական վերաբերմունքը, այդ թվում՝ տրանսպորտում հայհոյանքներ է հնչեցրել քաղաքացիների հասցեին։ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այդ անձը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Միլարդ Վահիդն է, ում նաև մի քանի քաղաքացիներ փորձել են կարգի հրավիրել, սակայն նա վիճաբանել է, ապա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն նկատողություն արած Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Յուրի Բ․-ին և Երևանի բնակիչ 21-ամյա Գագիկ Ա․-ին՝ վերջիններին պատճառելով ֆիզիկական ցավ։ Էրեբունու ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել են Մ․ Վահիդին, ձերբակալել ու տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրանցին ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր։ Ձերբակալվածն իրանցի այն քաղաքացիներից մեկն է, ով օրեր առաջ, իր համերկրացիների հետ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգեր է երգել։