«Արմեն Դուլյանի հետ առաջին անգամ շփվել եմ «Ազատություն» ռադիոկայանում աշխատելու ժամանակահատվածում ։ Այն ժամանակ էլ նա պրոֆեսիոնոլ լրագրող էր։ Նա միայն լրագրող չէր, խմբագիր էր և շատ բազմակողմանի զարգացած, հետաքրքիր մտավորական։ Ցավոք, կորցրեցինք լրագրության հենասյուներից մեկին»,- լրագրող Արմեն Դուլյանի հոգեհանգիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Նա նկատեց, որ այս տարիներին հայ ժողովրդի հետ տեղի ունեցող աղետը, լարվածությունը թույլ չի տալիս , որպեսզի հաճախակի լինեն շփումները։
«Չկարողացանք հատկապես վերջին տարիներին վայելել իրար, իսկ Արմենը շատ բան ուներ փոխանցել՝ ոչ միայն լրագրության մասով, այլև երիտասարդ սերունդներին։ Ես խորհուրդ կտամ երիտասարդ լրագրողներին՝ վերընթերցել Արմենի հոդվածներն ու հրապարակումները»,- նշեց Սեյրանյանը։
Հիշեցնենք, որ 71 տարեկանում կյանքից հեռացել է լրագրող, վերլուծաբան Արմեն Դուլյանը
«Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել»,-հայտնել են Sputnik Արմենիայից։
Դուլյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 30-ին, ժամը 13:00, Ջրաշեն-Մուշական գերեզմանատանը (Էրեբունի թանգարանի ուղղությամբ, մոտակա հասցեն՝ Մուշական 5-րդ փողոց):