ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո հնարավոր է իր առաջին արտասահմանյան այցը կատարի դեպի Մեծ Բրիտանիա։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է՝ պատասխանելով BBC-ի լրագրողի հարցին։ «Դա կարող է լինել Սաուդյան Արաբիան, դա կարող է լինել Մեծ Բրիտանիան: Ավանդաբար, դա կարող է լինել Մեծ Բրիտանիան: Անցյալ անգամ ես գնացի իմ առաջին արտասահմանյան այցով Սաուդյան Արաբիա, քանի որ նրանք համաձայնեցին գնել 450 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքներ», - ասել է Թրամփը:
Նախագահն իր հարաբերությունները Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ լավ է անվանել։ «Ես նրա հետ լավ եմ շփվում, ինձ շատ է դուր գալիս, նա լիբերալ է, ինչը նրան մի փոքր տարբերում է ինձնից, բայց կարծում եմ, որ նա շատ լավ մարդ է և շատ լավ է աշխատում, նա ներկայացնում է իր երկիրը փիլիսոփայական առումով։ Միգուցե ես համաձայն չեմ նրա փիլիսոփայության հետ, բայց ես նրա հետ շատ լավ հարաբերություններ ունեմ»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ հունվարի 26-ին նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Սթարմերի հետ։