Ստամբուլում հայկական դպրոցի վրա զինված հարձակում է տեղի ունեցել


Ստամբուլում հայկական դպրոցի վրա զինված հարձակում է տեղի ունեցել
Հունվար 24 17:01 2025

Ստամբուլի Բաքըրքոյ թաղամասում գտնվող հայկական Դադյան դպրոցի հին շենքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. հայտնում է Ակոս-ը։

 

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 21-ին։ Վերջին տարիներին դպրոցի շենքն օգտագործվում է Անատոլիայի մասնավոր ավագ դպրոցի կողմից։

 

Անվտանգության տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրմամբ պարզվել է, որ տարածքում որոշ ժամանակ անցկացրած երկու կասկածյալներից մեկը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ, իսկ մյուս կասկածյալը հավաքել է գետնին ընկած դատարկ պարկուճները։ Կասկածյալներ Շ․Ք-ն և Յ․ Չ-ն նույնակացվել են, պարզվել է, որ նրանք պատսպարվել են նույն թաղամասի տներից մեկում։ Նրանց ձերբակալելու ընթացքում խուզարկությամբ առգրավվել է ապօրինի ատրճանակ և 14 փամփուշտ։

 

Պարզվել է, որ նրանք քրեական անցյալ ունեն։

 

Մեկը պայմանական ազատ է արձակվել։

 

Դպրոցի շենքը պատկանում է Բաքըրքոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամին։ Հիմնադրամի նախագահ Մարի Յանջըի գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ նշված անձինք հարբած են եղել և պատահական կրակոցներ են արձակել։