«Ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը». ԱԳ փոխնախարարը չհերքեց, որ ռուս սահմանապահները դուրս կգան հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանից (Տեսանյութ)


«Ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը». ԱԳ փոխնախարարը չհերքեց, որ ռուս սահմանապահները դուրս կգան հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանից (Տեսանյութ)
Հունվար 24 14:13 2025

ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմի ժամանումը Հայաստան վերաբերում է ՀՀ սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ զգայուն ասպեկտների, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ հայկական կողմն այս թեմայով քննարկում է ունեցել Իրանի հետ, որևէ մտահոգություն արտահայտված չէ։

«Չեմ տեսնում որևէ հարց, որ իրանական կողմի հետ չհասնենք համաձայնության, մեր հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում»,- նշեց ԱԳ փոխնախարարը։

Նա ասաց, որ պետք է վերջապես ինքներս վերահսկենք մեր սահմանը։

Հարցին՝ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմաններից հնարավո՞ր է, որ ռուս սահմանապահները դուրս գան՝ ԱԳ փոխնախարարն արձագանքեց. «Իհարկե, իդեալական աշխարհում ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը»։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2024 թվականի դեկտեմբերի 30-ից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմ է մեկնելու Հայաստան՝ աշխատելու տեղի գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ։

Նա ընդգծել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սեփական տարածքում պաշտպանելու ջանքերին։

«Մասնավորապես, միտված ենք ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում»,-նշել էր Բլինքենը։