Վրաստանը ՀՀ-ի հետ միասին աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Վաղը Վրաստանը կարող է կամ մեծ հաջողություն դառնալ Ամերիկայի համար, կամ, ընդհակառակը, մեծ խնդիր` կովկասյան տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը միշտ ցանկանում է առավելություն ունենալ։ Սա նախ Ռուսական կայսրության, հետո Խորհրդային Միության և Ռուսաստանի մշտական նպատակն է»,- ասել է նա։
Զուրաբիշվիլին նշել է, որ Ռուսաստանը Վրաստանում, ինչպես Ռումինիայում և Մոլդովայում, սկսել է կիրառել «նոր ռազմավարություն»։ Նա ասել է, որ Ռուսաստանն անտեսում է ժողովրդավարությունը և այս երկրների Սահմանադրությունը և ընտրությունների միջոցով փորձում է իշխանության բերել իրեն հավատարիմ «խամաճիկ» ռեժիմներին։
Հինգերորդ նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Վրաստանի կողքին է արդեն 30 տարի։
«ԱՄՆ-ի ապագա վարչակազմի համար դա կլինի գլխավոր հարցը։ Ամերիկան վերջին 30 տարիներին կանգնած է եղել Վրաստանի կողքին։ Վրաստանն այն երկիրն է, որն ընդունել է օգնության ամենամեծ ծավալներից մեկը, քանի որ այն ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում Ամերիկայի համար էներգետիկայի, առևտրի և Կենտրոնական Ասիայի հետ կապերի հարցում»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նա նաև ասել է, որ Վրաստանն ու Հայաստանը աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից են։
«Վրաստանը ՀՀ-ի հետ միասին աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է։ Մենք ասում ենք, որ մենք ենք ամենահինը, նրանք ասում են, որ՝ իրենք։ Բայց փաստն այն է, որ մենք երկուսս էլ ամենահին քրիստոնյա երկրներ ենք, և դա մեզ ամուր կապում է միմյանց հետ։ Մենք Ամերիկայի կարիքն ունենք։ Բայց կարծում եմ՝ Ամերիկան էլ մեր կարիքն ունի»,-հայտարարել է նա։