Կալիֆորնիայում բռնկված հրդեհը քամիների պատճառով աննախադեպ ծավալների է հասել։
«Այս պահի դրությամբ կնոջս հետ հերթափոխով ենք քնում, առայժմ մեր թաղամասը էվակուցիայի գոտի չէ, բայց ամեն վայրկյան կարող է զանգահարեն ԱՄՆ ոստիկանությունից ու զգուշացնեն, որ պետք է դուրս գանք տանից», - «Փաստինֆո»-ին ասել է Լոս Անջելեսի բնակիչ Հայկ Մարկոսյանը։
Նրա փոխանցմամբ՝ հրդեհը հիմնականում տարածվել է Սիլմար թաղամասում, որտեղ ոչ մեծ թվով հայեր են ապրում։ Ըստ նրա՝ Գլենդելին շատ մոտ չէ, բայց շատ հեռու էլ չէ։
«Հայաշատ է Սանտա Մոնիկայի կողմից եկող հիմնական հրդեհի աղբյուրը, դա է մոտ Գլենդելին ու Փասադենային ու այդ հատվածից է մոտենում հայաշատ թաղամասերին», - ասել է Մարկոսյանը՝ ավելացնելով, որ հետևում են Լոս Անջելեսի Հրդեհային ծառայության քարտեզին, որ օնլայն փոփոխվում է ու ըստ այդմ՝ կողմնորոշվում են։
Ճիշտ է՝ Կալիֆորնիան մեծ է, բայց քամիները ևս ուժեղ են, ինչի պատճառով էլ կրակը նոր տարածքներ է կլանում։
«Գրասենյակս գտնվում է Շերման Օկս քաղաքի հատվածում։ Պատկերացնելու համար ասեմ, որ Ստուդիա Սիթին է այդ հատվածում, որտեղ քամիներն այնքան ուժգին են եղել, որ տապալվել են էլեկտրասյուները», - ասել է Լոս Անջելեսի բնակիչը։
Նա նկարագրել է, որ կրակների մեջ է հատկապես մեծահարուստների թաղամասը, հրշեջները պայքարում են հրդեհի դեմ, բայց քամիները շատ են բարդացնում վիճակը։