Կառավարության շենքում նստած բլոգերները որևէ կերպ չեն ազդելու «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցի վրա․ Անի Սամսոնյան


Կառավարության շենքում նստած բլոգերները որևէ կերպ չեն ազդելու «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցի վրա․ Անի Սամսոնյան
Հունվար 6 22:35 2025

Կառավարության շենքում նստած բլոգերները որևէ կերպ չեն ազդելու «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Իրանում երևի թե արդեն հասկացել են, որ Հայաստանում ադեկվատ իշխանություն չկա և Կառավարության շենքում նստած բլոգերները չեն տիրապետում իրենց երկրում ստեղծված իրավիճակին և որևէ կերպ չեն ազդելու «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցի վրա: Հարցը որոշվել է արդեն Թուրքիայի ևԱդրբեջանի ակտիվ մասնակցութամբ, այդ իսկ պատճառով Իրանի պատվիրակությունը առաջիկայում կմեկնի հենց Թուրքիա այդ հարցը քննարկելու համար:

Ադրբեջանի` Հայաստանի կողմից սահմանին կրակ բացելու և պատերազմի նախապատրաստվելու մասին տեղեկատվական տեռորը խոսում է այն մասին, որ միջանցքի հարցի լուծման համար դիվանագիտական ճնշումներից բացի նախապատրաստվում է նաև ռազմական ագրեսիա, որի պլանը գծվել է 2024թ տարավերջին Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ակտիվ հանդիպումների ընթացքում:

Իսկ ինչով են զբաղված Հայաստանում:

Երբ ռեալ կյանքում դու որպես դերակատար գոյություն չունես ու իրավիճակի վրա ազդելու էլ ձև չունես, սոցիալական ցանցերում քո գոյության պատրանքն ես ստեղծում, որ մարդկանց ուշադրության էներգիայով սնվես: Սա է այսօր մեր իշխանության հոգեբանական տխուր վիճակը»,-գրել է նա։