2025-ից բարձրանում են հարկերը, Երեւանում վերանում է եկամտահարկի վերադարձի օրենքը, թանկանում է տրանսպորտը


2025-ից բարձրանում են հարկերը, Երեւանում վերանում է եկամտահարկի վերադարձի օրենքը, թանկանում է տրանսպորտը
Հունվար 1 15:24 2025

Հայաստանում այսօրվանից՝ հունվարի 1-ից, ավելանում է փոքր ու միջին բիզնեսի հարկային բեռը, շատերի համար անգամ կրկնակի չափով: Շրջանառության հարկը կբարձրանա 5-ից մոտ 10 տոկոսի։

 
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ կարճ տեսանյութ էր պատրաստել շրջանառության հարկի մասին, որտեղ հիմնավորում էր, թե «շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է»։ Ըստ Փաշինյանի՝ սա նաև հնարավորություն է փոքր բիզնեսի համար։

 
 
 

Ըստ վարչապետի՝ հունվարի 1-ին ուժի մեջ մտնող փոփոխությունը ՓՄՁ-ներին հնարավորություն է տալիս կրճատել հարկը, եթե նրանց ողջ շրջանառությունը փաստաթղթավորված կլինի:

 
 

Բանն այն է, որ նման կարգավորում հիմա էլ է գործում, սակայն դրանից շատ քչերն են օգտվում, իսկ պատճառն այն է, որ չի ստացվում ձեռք բերել փաստաթղթեր բոլոր օղակներում։ Այսինքն փոքր բիզնես ունեցողը փաստացի հնարավորություն չունի փաստաթղթավորված շրջանառություն ապահովել, քանի որ իրեն ապրանք վաճառողները բոլորը չէ, որ փաստաթուղթ են տալիս: Ու ստացվում է, որ այդ գործարարների համար հարկը բարձրանում է:

 

Բացի այդ, տնտեսագետները պնդում են, որ հարկային օրենսգրքում փոփոխություններն առաջարկելիս կառավարությունը հաշվի չի առել տարածքային զարգացման խնդիրները, քանի որ հարկային բեռի ավելացումը խնդիր է լինելու հեռավոր գյուղերի խանութների, հյուրատների, այնտեղ գործող միկրոբիզնեսի այս տեսակի համար։

 
 
 

Նշենք, որ շրջանառության հարկի դաշտում Հայաստանում աշխատում է ավելի քան 50 հազար փոքր ու միջին ընկերություն։

Մյուս փոփոխությունը, որ 2025-ն իր հետ բերում է, հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձի օրենքի վերացումն է: Հիշեցնենք, որ այդ օրենքով հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացին հետ է ստանում իր վճարած եկամտահարկը այնքան չափով, որքան չափով վարկի տոկոսներ է վճարում: Հենց այս օրենքն է «մեղավորը», որ շինարարության բում է Երեւանում եւ դրա սահմաններից դուրս:

 

Հաշվի առնելով, որ օրենքը Երեւանում դադարում է գործել այս տարվա հունվարի 1-ից, մարդիկ շտապում էին բնակարան ձեռք բերել, քանի դեռ օրենքը գործում է:

Տնտեսագետների կանխատեսմամբ, այս օրենքի դադարումով Երեւանում անշարժ գույքի շուկայում պահանջարկը կնվազի, ինչն էլ հնարավոր է բերի անշարժ գույքի գների անկման:

Միաժամանակ, սա կարող է խթանել բնակարանաշինությունը Երեւանին հարակից մարզերում, որտեղ այդ օրենքը դեռեւս գործում է:

Երրորդ մեծ փոփոխությունը, որ մարդկանց սպասվում է այս տարի, Երեւանում տրանսպորտի թանկացումն է: Իհարկե, վերջին պահին քաղաքային իշխանությունները որոշեցին այն մեկ ամսով հետաձգել եւ այն ուժի մեջ կմնի փետրվարի 1-ից:

 

Մասնագետները նշում են, որ այդ թանկացման հետեւանքով Երեւանը կդառնա ամենաթանկ տրանսպորտ ունեցող քաղաքը թե տարածաշրջանում, թե ԱՊՀ տարածքում:

Նշենք, որ ըստ այդմ, նախատեսվում է 90 րոպեի համար վճարել 300 դրամ, որը ներառում է 3 ուղեւորություն, 1 օրվա համար վճարել 900 դրամ, որը ներառում է 8 ուղեւորություն,  7 օրվա համար վճարել 5000 դրամ, որը ներառում է 30 ուղեւորություն, 30 օրվա համար վճարել 9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար՝ 24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 365 օրվա համար՝ 90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

 

Կգործեն նաեւ արտոնություններ: Մասնավորապես, տրանսպորտն անվճար կլինի, 0-7 տարեկան երեխաների, 8-18 տարեկան ծողազուրկ երեխաների, ծնողազուրկ ուսանողների, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների, պետական խնամքի տակ գտնվողների (մանկատներ, ծերանոցներ), 4 և ավելի երեխա ունեցող ծնողների, ԽՍՀՄ հերոսների, Հայաստանի ազգային հերոսների, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով պարգևատրվածների, ինչպես նաեւ Արցախի կամ ՀՀ պաշտպանության համար զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողների համար:

8-18 տարեկանների համար կկիրառվի 20 տոկոս զեղչ, թոշակառումների համար զեղչը 30 տոկոս է, ուսանողների համար՝ 15 տոկոս, նպաստառուների համար՝ 20 տոկոս: