Թող 2025-ը խաղաղություն և կայունություն բերի, թող սահմանին կանգնած մեր զինվորները պատվով տուն դառնան


Թող 2025-ը խաղաղություն և կայունություն բերի, թող սահմանին կանգնած մեր զինվորները պատվով տուն դառնան
Դեկտեմբեր 31 12:13 2024

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ․

«Սիրելի՛ շիրակցիներ,

Հարգելի՛ հայրենակիցներ,

Մի քանի ժամ ու պատմությանը կհանձնենք ևս մեկ տարի, որի ընթացքում աշխատել, արարել, ձգտել, նախաձեռնել ու ապրել է մեր ժողովուրդը։ Միշտ էլ տարեվերջը անցածն ամփոփելու, արվածն ու ձեռքբերվածն արժևորելու, չարվածն ու բացթողումները նախանշելու ժամանակ է։

2024-ը, իրավամբ, կարելի է համարել աշխատանքի, արդյունավետ ծրագրերի, շինարարության, կրթության ու առաջադիմության տարի։

Մարզպետի պաշտոնն, իհարկե, ընդամենն օրեր առաջ եմ ստանձնել, սակայն օրենսդիր մարմնում աշխատած ժամանակ էլ մշտապես հետևել եմ հայրենի մարզում իրականացվող աշխատանքներին։ Այժմ, երբ անմիջապես որպես մարզի ղեկավար եմ գնահատելու կատարվածն ու ամփոփելու տարին՝ ուզում եմ փաստել, որ 2024-ը Շիրակի մարզի համար եղել է ձեռքբերումների տարի։ 

Կառավարությունը, հավատարիմ մնալով երկրի համաչափ զարգացման որդեգրած քաղաքականությանն ու կրթության, առողջապահության բնագավառների զարգացման ուղղությամբ տարվող բարեփոխումներին, 2024-ին բավական լուրջ միջոցներ է ուղղել տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներին։

Հետևողական աշխատանք է տարվել սոցիալ-տնտեսական, քաղաքաշինական, ենթակառուցվածքների, դպրոցների և մանկապարտեզների կառուցման ու նորոգման ուղղությամբ։ Այս օրակարգը մեր երկրի համար 2025-ին էլ շարունակելու է մնալ առաջնային, քանզի այդ ճանապարհով միայն կկարողանանք ապահովել վաղվա օրն ու մեր հայրենիքի, մեր մարզի զարգացումը:

Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ մենք ունենք կամք, վճռականություն և պատրաստակամություն աշխատելու տքնաջանորեն, ջանք չխնայելու նոր նշաձողեր սահմանելու և հաղթահարելու համար։

2025-ին ինձ համար սկզբունքային նշանակություն են ունենալու կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, քանի որ կրթվելը նորաձև է, նոր հմտությունների յուրացումը նոր հնարավորությունների ձեռքբերման առաջնային նախապայման։

2025-ին ինձ համար սկզբունքային նշանակություն են ունենալու համայնքներում իրականացվող քաղաքաշինական և սուբվենցիոն ծրագրերը, դրանց որակն ու առանց ձգձգումների իրականացումը։

2025-ին ինձ համար սկզբունքային նշանակություն է ունենալու համագործակցված աշխատանքը բոլոր համայնքների, բոլոր կառույցների ու պատասխանատուների հետ, քաղհասարակության, զանգվածային լրատվության միջոցների ու բնակիչների հետ, որովհետև վստահ եմ` միայն գործակցությամբ կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի, հարգանքի, միասնականության շնորհիվ կհաղթահարենք դժվարություններն ու փորձություններից դուրս կգանք առավել իմաստացած և ուժեղ:

Թող 2025-ը մեզ խաղաղություն ու կայունություն բերի, թող սահմանին հպարտ կանգնած մեր զինվորները պատվով ծառայեն ու տուն դառնան։

Այսօր առանձանահատուկ ակնածանքով և խոնարհումով շնորհավորում եմ բոլոր այն ընտանիքներին, ծնողներին, ում որդիները ընկել են հանուն մեր երկրի, հանուն Հայաստանի Հանրապետության։

Հավերժ փառք հերոս հայորդիներին։

Նրանց հիշատակը վառ պահելու համար մենք պետք է առավել նախաձեռնող ու վճռական լինենք, ամեն ինչ անենք վաղվա օրն ավելի լավը դարձնելուն միտված ձեռնարկների իրականացման համար, հոգ տանենք ազգի գոյության կարևորագույն հենարաններ համարվող կրթության, գիտության, մշակույթի, ազգային սովորույթների ու  արժեքների մասին։

2025 թվականին ընդառաջ, մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն, տոկունություն, բոլոր նվիրական երազանքների իրականացում։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: