Կիրանցեցիներին սխալ սեփականաշնորհման վկայականներ տալու մասին քրվարույթը պետական գաղտնիք են համարում


Կիրանցեցիներին սխալ սեփականաշնորհման վկայականներ տալու մասին քրվարույթը պետական գաղտնիք են համարում
Դեկտեմբեր 30 23:10 2024

Կիրանցի բնակիչներին իբրև սխալ տվյալներով սեփականաշնորհման վկայականներ տալու վերաբերյալ քրեական վարույթի մասին տեղեկությունը իրավապահ մարմինները համարում են պետական գաղտնիք։ Այս մասին պարզ է դառնում Հակակոռուպցիոն կոմիտեին և դատախազությանը «Փաստինֆո»-ի հասցեագրած գրավոր հարցումների պատասխաններից։

 

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը 2024թ․ մայիսի 20-ին, թերևս փորձելով հիմքեր ստեղծել ոչ միայն հանրային սեփականությունը, այլ նաեւ Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող գույքը փաստացի առգրավելու ու թշնամուն հանձնելու համար, հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով․ «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: 

 

Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»։ Այս հայտարարությունից օրերս անց՝ հունիսի 7-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք քրեական վարույթ կա նախաձեռնված ՝ Կադաստրի պետական կոմիտեի կողմից կիրանցիներին սեփականաշնորհման կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ, եթե այո, ապա՝ երբ է հարուցվել, ինչ հատկանիշներով, քանի նման կեղծ վկայական է տրվել, քանի անձ ունի տուժողի, ինչպես նաև՝ մեղադրյալի կարգավիճակ։ 

 

Ակնկալում էինք, որ գուցե նման կեղծ սեփականաշնորհման վկայականներ տալու դեպքեր են բացահայտվել, որ երկրի արդարադատության նախարարությունը պաշտոնապես նման հայտարարությամբ է հանդես եկել, սակայն պարզվել էր, որ նման քրեական վարույթ չկա։ Մասնավորապես, հունիսի 19-ինՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նշել էին, թե հարցմամբ նշված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով։ Ասել է թե՝ առնվազն հայտարարությունն անելու պահին Գրիգոր Մինասյանի ղեկավարած ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ հիմք, փաստ չի ունեցել։ Պատասխանից շուրջ երկու ամիս անց «Փաստինֆո»-ն կրկին գրավոր հարցում էր իրականացրել՝ ստանալով նույն պատասխանը։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։