«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Հարց 4-րդ
«Ժամանակին թե՛ Դուք, թե՛ Հանրապետականը չեք ողջունել ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ալիևի այդ նախապայմանին և Փաշինյանի փաստացի համաձայնությանն այդ առաքելության գործունեության դադարեցման մասով»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Մշտապես դեմ եմ եղել ցանկացած դիվանագիտական քայլի, որը թուլացրել է Հայաստանի անվտանգային միջավայրը։
ԵՄ դիտորդների գործունեության ընթացքում հայ հասարակությանն այդպես էլ հայտնի չդարձավ նրանց կողմից Ադրբեջանի ոտնձգությունների կանխման, արձանագրման կամ ագրեսորի հանդեպ ԵՄ-ի պատժի գեթ մեկ փաստ։
Ավելին, հիշեցնեմ, որ դա արվեց ոչ թե գեոպոլիտիկ համադրման, այլ հակադրման գործելաոճով, ինչն էլ ավելի վատթարացրեց հայ-ռուսական հարաբերությունները։ Ինչ վերաբերում է ներկայիս քննարկումներին, ապա Ալիևի ցանկացած, այդ թվում՝ այս միակողմանի պահանջի կատարումն անձամբ ես համարում եմ անթույլատրելի։ ԵՄ դիտորդներին բերելը մի այիբ էր, Ալիևի պահանջով նրանց հեռացնելը՝ երկու»։