«․․․Շատերը ժողովուրդն ու ամբոխը խառնում են իրար հետ», գրում է Հովհաննես Թումանյանը, այնուհետև՝ շարունակում «… Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր, չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան։ Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում զանազան կրակների ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել։ Սովորաբար, կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը», գրում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Թումանյանը, ըստ էության, իր հաջորդ սերունդների համար խորը փիլիսոփայական և քաղաքական վերլուծություն է անում՝ մատնանշելով «ժողովուրդ» և «ամբոխ» հասկացությունների հիմնարար տարբերությունը։ Այս տարբերակումը չափազանց կարևոր է հասարակության մեջ իշխանության, կառավարման և սոցիալ-մշակութային գործընթացների դինամիկան հասկանալու համար:
Ժողովուրդը, ընդհանուր արժեքների, ավանդույթների և մշակույթի վրա հիմնված անհատների միավորումն է, ովքեր գիտակցում են իրենց սոցիալական և պատմական պատասխանատվությունն ու առաքելությունը։ Սա կոլեկտիվ մտքի տեսակ է, որը բնութագրվում է իմաստությամբ, զսպվածությամբ և արդյունավետ լինելու ցանկությամբ: Ժողովուրդն ընկալվում է որպես կայուն և ներդաշնակ հանրային կառույց՝ օժտված ներքին ամբողջականությամբ և ինքնակարգավորվելու ու ինքնակազմակերպվելու կարողությամբ։
Ամբոխը, համապատասխանում է անհատների զանգվածային հավաքի՝ զուրկ հստակ հիերարխիայից ու ներքին կառուցվածքից, հեշտությամբ տրվող ու ենթարկվող մանիպուլյացիաներին։ Սոցիալական ասոցիացման այս ձևը բնութագրվում է իմպուլսիվությամբ, անկանխատեսելիությամբ և դեստրուկտիվ գործողությունների հակվածությամբ: Ամբոխը արձագանքում է ակնթարթային կրքերին ու հույզերին, և նրա վարքագիծը հաճախ որոշվում է ոչ թե ռացիոնալ եզրակացություններով, այլ բնազդներով և պահային ցանկություններով:
Անցումը ժողովրդական գիտակցությունից դեպի ամբոխային մտածողություն հասարակությունների պատմության կարևորագույն սոցիալական, քաղաքական և մշակութային շրջադարձային կետերի անոնս է, և այդ ժամանակ է, որ «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերը օգտվելով իրավիճակից և օգտագործելով այդ պահային գործոնները, ըստ էության, զավթում են իշխանությունը՝ ժողովրդին տանելով դեպի արկածախնդրության, ճգնաժամի և կատարսիսի, ինչն էլ իր հերթին, վերջիվերջո հանգեցնում է բռնությունների, ապակայունացման, կամ կորուստների պատմական պարբերաշրջանների։
Պետությունը փրկելու, հասարակական կարգը պահպանելու և, վերջիվերջո, զարգացման ուղին վերագտնելու համար, նախևառաջ, անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից, այնուհետև բռնել ժողովրդական հասարակության կերտման ու հզորացման ուղին՝ իրականացնելով ընդհանուր ինքնութենական արժեքների, պատմական ու մշակութային ժառանգության և ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը նպաստող տեսլականներ, ռազմավարություններ, քաղաքականություններ ու գործողություններ»