ՀՊՃՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը գրում է․
Էներգետիկայի մասնագիտական, կրթական և հետազոտական ոլորտների սիրելի գործիչներ, շնորհավորում եմ Ձեզ Էներգետիկի օրվա կապակցությամբ:
Ձեր մասնագիտական առաքելության դերը օր օրի ավելի արագ է փոփոխվում` պայմանավորված աշխարհի տեխնոլոգիական առաջընթացներով և գլոբալ կլիմայական փոփոխություններով: Այս փոփոխությունները էներգետիկի գործունեությունը և նրա ստանձնած պատասխանատվությունը դարձնում են բազմաշերտ և ընդարձակ:
Մարտահրավերներին դիմագրավելու, երկրի էներգետիկ անվտանգության համար առաջանցիկ հուսալի նոր մեխանիզմներ ներդնելու և էներգետիկայի կայուն համակարգի սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ մասնագիտական շարունական կրթություն, տեխնոլգիաների փոխանցման կարողություն և էներգետիկայի տնտեսության արդյունավետ կառավարման մոդելներ:
Էներգետիկի պատվաբեր առաքելության դժվարությունները Ձեզ հետ հաղթահարելու համար Ձեր Ալմա մատերը` Պոլիտեխնիկը, ջանք ու եռանդ չի խնայում էներգետիկայի մասնագիտական կրթական ծրագրերի բարեփոխման և կիրառական ու գիտական գործունեության ոլորտների ընդլայնման համար:
Իրականացված բազմաթիվ ծրագրերից զատ, մենք ձեռնամուխ ենք եղել միջազգային գործընկերների հետ իրականացնել այնպիսի նախագիծ, որը կապահովի ջրածնային էներգետիկայի կրթական, հետազոտական և արտադրական տեխնոլոգիաների մուտքը մեր երկիր, դրանով նպաստելով էներգետիկ անկախությանը, որը կհանդիսանա լրացուցիչ նոր աղբյուր:
Կրկին շնորհավորում եմ Էներգետիկի մասնագիտական տոնի առթիվ և մաղթում ամենային բարիք: