Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի


Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի
Դեկտեմբեր 21 10:22 2024

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները խիստ պայմանական են:

Մեծ առումով Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի` սահմանադրության փոփոխություններից մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:

Այն իշխանությունը, որն Արցախն Ադրբեջան է հայտարարել, ի՞նչ խնդիր ունի Արցախի հակամարտության կարգավորման նպատակով 3 տասնամյակ առաջ ստեղծված Մինսկի խմբի ձևաչափը լուծարելու կամ Անկախության հռչակագիրն Արցախի հիշատակումներով չեզոքացնելու համար:

Այդ դեպքում ինչու՞ Ադրբեջանը ձգում գործընթացը: 

Կարծում եմ պլան մինիմումը Հայաստանին իջեցվող պահանջների ընդլայնումն է, իսկ աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում պլան մաքսիմումն իրականացնելու համար, այդ թվում ըստ անհրաժեշտության, ուժի կիրառման միջոցով»: